Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է

13:16   6 սեպտեմբերի, 2017

Աշխարհում ոչ մի նորաձեւամոլ չի կարող իր զգեստապահարանն առանց ջինսի պատկերացնել: Ներկայիս սեզոնում դենիմը շարունակում է իր դիրքերն ամրապնդել: Այսօր «ջինսան» թրենդում է: Սա ոչ միայն պրակտիկ է, հարմար, այլ գլխավորը՝ նորաձեւ: Համարձակորեն ոտքից գլուխ դենիմով փաթաթվեք, եւ դուք ոճային ու ժամանակակից տեսք կունենաք: Ճիշտ ընտրված ջինսը, սպիտակ վերնաշապիկը կամ «հարբեցող» շապիկը՝ բարձրակրունկներով կոշիկի կամ կեդերի համակցությամբ արդեն դասական է:

Ներկայումս դիզայներները ջինսային թրենդը նոր մակարդակի են բարձրացրել: Նրանք մեզ կոմբինեզոններ, զգեստներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, վերնաշապիկներ եւ նույնիսկ աքսեսուարներ են առաջարկում: Այն ամենն, ինչը ձեր սիրտը կուզի, ընտրությունը ձերն է:

Ջինսը բազային զգեստապահարանի ցանկացած տարրի համար հոյակապ լրացում է: Նախընտրեք բարձր գոտկատեղով ջինսերը, օվերսայզ մոդելները եւ կլեշ մոդելները, որոնք մեզ են հասել 90-ականներից: Չմոռանաք ձեռք բերել նաեւ դասական ուղիղ մոդելներ՝ մաշվածությամբ կամ թեթեւակի պատառոտված եզրերով: Մի քանի սեզոն նորաձեւության ալիքի կատարին կլինեն հիպ, գրանժ ոճի ջինսերը, mom ջինսերը եւ ասեղնագործությամբ ջինսերը: Ծոպերը, ապլիկացիաները, փայլերը գրպաններից տեղափոխվել են տաբատի ստորին հատվածներ՝ սրանով ձեւն ավելի էֆեկտիվ դարձնելով:

Դենիմե բաճկոնի հետ չի կարող մրցակցել ոչ մի վերնազգեստ: Հարմարավետ եւ պրակտիկ բաճկոնը մշտապես նորաձեւամոլների սիրելին է եղել տարվա բոլոր եղանակներին՝ ե՛ւ գարնանը, ե՛ւ աշնանը: Այն այնքան ունիվերսալ է, որ կարելի է համադրել թե՛ տարբեր տաբատների, թե՛ թափանցիկ կիսաշրջազգեստների, թե՛ կաշվե զգեստների եւ տրենիկների հետ: Նույնիսկ ուշ աշնանը կամ ձմռանը կարելի է հագնել տաք տարբերակի ջինսե բաճկոն՝ մորթյա ներդիրով կամ օձիքով: Հատկապես տարածված է բաց երկնագույն դենիմե բաճկոնը:

Ժիլետներ եւ վերնաշապիկներ. 90-ականների սկզբին որքան էր սիրում այն հագնել Մադոննան, եւ որքան սիրեցինք մենք այսօր: Սա ցանկացած կերպարի եւ ոճի հրաշալի լրացումն է: Այն կարելի է հագնել ցանկացած թոփի, գեղեցիկ սպիտակեղենի կամ զգեստի վրայից՝ վերեւի կոճակները չկոճկելով՝ դրանով կերպարին զգայականություն հաղորդելով: Ժիլետներն ու վերնաշապիկներն անչափ ակտուալ են աշնանային երեկոներին, երբ տաք հագնվելու անհրաժեշտություն չկա, սակայն որպես նորաձեւ հավելում հագնելն անչափ տեղին է:

Դենիմե Total look. սա այս տարվա իսկական թրենդն է: Դեռեւս մի քանի տարի առաջ դենիմե բաճկոնի, կիսաշրջազգեստի կամ տաբատի եւ պայուսակի համադրությունը հասարակ ու ոչ ոճային լուծում էր համարվում: Բայց հատկապես հիմա դենիմ+դենիմ իրերի համադրությունն արդիական է ինչպես երբեք: Մի՛ վախեցեք ոտքից գլուխ ջինս հագնել ջինսի հետ: Կարեւորը դենիմի տարբեր գույները չմիախառնելն է: Եթե բաճկոնը բաց երկնագույն է, ապա թող ներքեւի հատվածն էլ նույն երանգն ունենա:



Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE