«Ես այդպես էլ չտեսա նրան հարսանյաց զգեստով». ամերիկացու հուզիչ բացահայտումը՝ հարսնացուի մահից հետո

18:02   6 սեպտեմբերի, 2017

Այն պահը, երբ փեսացուն առաջին անգամ իր սիրելիին տեսնում է հարսանյաց զգեստով, պետք է յուրաքանչյուր զույգի կյանքի ամենահիշարժան ակնթարթը դառնա, սակայն, ցավոք, ամերիկացի երիտասարդ Ջոն Պոլոյի կյանքում դա, թեեւ հուզիչ, սակայն տխուր ակնթարթ էր:

Ջոնն ու Միշելը միմյանց հանդիպել էին ավագ դպրոցում ուսանելու տարիներին: Մեկ տարի հանդիպելուց հետո նրանք հասկացան, որ խելագարի պես սիրահարվել են:

Դպրոցն ավարտելուց 8 տարի անց զույգը կրկին միացել է եւ հասկացել, որ կյանքի մնացած տարիները ցանկանում են անցկացնել միասին: Միշելի փոքրիկ դուստրը եւս շատ էր հավանել Ջոնին: Բայց 2 տարի անց Միշելի մոտ հայտնաբերվեց քաղցկեղի հազվադեպ մի տեսակ: Զույգը որոշեց մինչ Միշելի վիրահատությունը օրինականացնել հարաբերությունները: Սակայն վիրահատությունից հետո Ջոնին տեղկացրեցին, որ սիրելիի հիվանդությունն անբուժելի է: Այսպիսով՝ նրանք որոշեցին իսկական հարսանիք կազմակերպել, քանի դեռ Միշելի վիճակը կտրուկ չէր վատացել:

Միշելը նույնիսկ կարողացավ գտնել այն ճերմակ զգեստը, որի մասին միշտ երազում էր... Սակայն Ջոնն այդպես էլ չտեսավ հարսնացուին այդ զգեստով: Հարսանիքից երկու շաբաթ առաջ Միշելը մահացավ:

«Ես այնքան եմ զղջում, որ այդպես էլ չկարողացա տեսնել, թե ինչպես է Միշելն այդ սպիտակ զգեստով մոտենում խորանին: Բայց ես ուրախ եմ, որ նա գտել էր իր երազանքների զգեստը, ու նա այնքան երջանիկ էր, երբ գնել էր այն: Նա մահացավ… իսկ ես անգամ չտեսա նրան այդ զգեստով»,-պատմել էր Ջոնը:

Այո, Ջոնն այդպես էլ կարող էր չտեսնել իր հարսնացուին ճերմակ զգեստով, սակայն այն, ինչ տեղի ունեցավ բոլորովին վերջերս, անչափ հուզեց Ջոնին: Թերթելով Միշելի բջջայինի լուսանկարները՝ նա պատահմամբ գտավ մի նկար, որից ուղղակի չկարողացավ զսպել արցունքները: Հարսնացուն հասցրել էր լուսանկարվել իր երազանքների զգեստով, եւ, ահա, նրա մահվանից ժամանակ անց կատարվեց նաեւ նրա երկրորդ երազանքը՝ Ջոնը տեսավ նրան հարսի զգեստով, իհարկե, ցավոք՝ միայն լուսանկարում…

«Երբ տեսա լուսանկարը՝ չկարողացա զսպել արցունքներս, բայց եւ սկսեցի ժպտալ՝ տեսնելով, թե որքան երջանիկ էր նա այդ օրը. Նա՝ իմ հարսնացուն: Հիվանդանոցում Միշելը բոլորին պատմում էր, թե որքան ուրախ է անցնելու իր հարսանյաց օրը: Ափսոս, նա դա չապրեց...»:

Հարսնացուի լուսանկարը եւ դրա հետ կապված հուզիչ պատմությունը Ջոնը տեղադրել էր Facebook-յան իր էջում, որից հետո Միշելի լուսանկարը տարածվել էր մի շարք կայքերում:

«Նա այնքան ուրախ կլիներ՝ իմանալով, որ այդքան մարդ տեսել է իրեն իր երազանքների զգեստով: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարածել են լուսանկարը»,-գրել է Ջոնը՝ հավելելով, որ Միշելի հարսանեկան զգեստը պահելու է այնքան ժամանակ, մինչեւ որ նրա դուստրը կհասունանա եւ կորոշի ամուսնանալ: Ջոնը համոզված է՝ նա հենց մայրիկի հարսանյաց զգեստը կկրի:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE