Սամի Նասերին, Ժերար Դարմոնը եւ Հերմինե Ստեփանյանը՝ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմի գլխավոր հերոսներ (ֆոտո/վիդեո)

13:25   7 սեպտեմբերի, 2017

Արձակագիր Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպը շուտով կվերածվի ֆիլմի: 2018 թ-ին ռեժիսոր Արտակ Իգիթյանի գլխավորությամբ կսկվեն ֆիլմի նկարահանման աշխատանքները, իսկ առայժմ ֆիլմասերներին հասանելի է կինոնկարի թիզերը, որից պարզ է դառնում, որ ֆիլմում նկարահանվել են այնպիսի անվանի դերասաններ, ինչպիսիք են՝ Սամի Նասերին եւ Ժերար Դարմոնը: Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու է դերասանուհի եւ հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվել է իր ոգեւորությամբ եւ ներկայացրել համաշխարհային աստղերի հետ համագործակցության մանրամասները.

«Ռեժիսոր Արտակ Իգիթյանի հետ ծանոթացել ենք «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Այդ օրը չհասցրեցինք շատ շփվել, պարզապես շնորհավորեցի նրան, ինչպես բոլորը, եւ անցա: Երկու տարի անց կրկին հանդիպեցինք «Մոսկվա» կինոթատրոնում՝ մեկ ուրիշ ֆիմի պրեմիերայի ժամանակ: Նա իր տիկնոջ հետ էր եկել: Ավարտից հետո մոտեցա նրանց, բարեւեցի, ասացի, որ շատ եմ հավանել «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը: Արտակի կինը՝ Աննան, նայեց ինձ եւ ասաց. «Արտակ, նա հրաշալի կերպար է»: Այդպես սկսեցինք խոսել կինոյից եւ շատ ուրիշ թեմաներից: Հաջորդ օրը հանդիպեցինք, եւ սկսվեցին մեկ այլ նախագծի մասին քննարկումները, սակայն շուտով այդ նախագիծը սառեցվեց, եւ սկսեցինք քննարկել «Անատոլիական պատմությունը»: Մի քանի օր հետո նա ինձ ցույց տվեց ֆիլմի dream cast-ը՝ դա այն է, երբ ռեժիսորն իր ցանկացած դերասանների անուններն է հավաքում, որոնց մոտ է համարում իր ֆիլմի հերոսներին:

Այնտեղ կարող են լինել ե՛ւ արդեն հաստատված դերասանների անուններ, ե՛ւ անուններ, որոնք դեռեւս հաստատված չեն, բայց ըստ ռեժիսորի՝ մոտ են իր կերպարին: Երբ տեսա ցուցակում Ժերար Դարմոնի եւ Սամի Նասերիի անունները, Արտակին հարցրեցի՝ նրանք արդեն հաստատվա՞ծ դերասաններ են, թե՞ պարզապես իրենց նման կերպար եք ուզում: Նա էլ պատասխանեց, որ նրանք, ինչպես նաեւ ես, արդեն հաստատված դերասաններ ենք: Այդ պահն ինձ համար շատ հաճելի էր ու հուզիչ, եւ ես Աննային հայտնեցի իմ շնորհակալությունը, որովհետեւ առաջնահերթ նա էր ինձ ընտրել»,-հիշում է Հերմինեն, որն առայժմ չցանկացավ բացահայտել իր հերոսուհու կերպարային կողմերը՝ նշելով, որ դեռեւս իրավունք չունի ֆիլմի սյուժեի հետ կապված փակագծեր բացել, փախարենը մեծ ոգեւորությամբ խոսեց Սամի Նասերիի եւ Ժերար Դարմոնի հետ առաջիկա համագործակցության մասին.

«Նասերիից եւ Դարմոնից, բնականաբար, ֆիլմեր դիտել էի, բայց երբ հասկացա, որ միասին նույն ֆիլմում ենք նկարահանվելու, նստեցի եւ սկսեցի նայել նրանց մասնակցությամբ բոլոր ֆիլմերը, ընթերցեցի հարցազրույցները, որպեսզի կարողանամ հեռվից արդեն ճանաչել նրանց: Իհարկե, նկարահանումների ժամանակ ավելի հեշտ կլինի շփումը, եւ ավելի հստակ կհասկանամ, թե ինչպիսին են նրանք:

Ֆիլմի նկարահանումները կկայանան 2018 թ-ին: Ցավոք, թիզերի նկարահանումների ժամանակ դեռեւս չեմ տեսել խաղընկերներիս, որովհետեւ իրենց հատվածը նկարահանվել է Ֆրանսիայում: Բայց, իհարկե, մեծ անհամբերությամբ եմ սպասում ֆիլմի ամբողջական նկարահանումներին, հատկապես, որ իմ հատվածները հիմնականում հենց նրանց հետ են լինելու»,-նշեց դերասանուհին:

Հերմինից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս ֆիլմը կարո՞ղ է իր առջեւ նոր դռներ բացել դեպի եվրոպական կամ ամերիկյան կինոշուկա.

«Իհարկե, հասկանալի է, որ նման մասշտաբային ֆիլմը, հատկապես, երբ խաղընկերներս էլ նման դերասաններ են, պիտի ապագայում խոսի մեծ շուկայի, մեծ պայմանագրերի մասին, բայց հավատացեք՝ այս ամենին չեմ ուզում շահադիտական նայել, որովհետեւ ինձ համար շատ ավելի հետաքրքիր ու կարեւոր է այն աշխատանքը, որն ինձ սպասվում է՝ անկախ արդյունքից, անկախ նրանից՝ ով կհավանի, ով՝ ոչ, որովհետեւ ցեղասպանության մասին ֆիլմերը միշտ բուռն քննարկվում են: Չեմ ուզում մտածել, թե ապագայում ինչ կլինի: Անհամբերությամբ սպասում եմ նկարահանումներին, այդ հանդիպումներին եւ ռեժիսորի հետ աշխատանքին»,-նշեց նա:  

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, իսկ նկարահանումները կկայանան 2018 թ-ին: Ֆիլմի կոմպոզիտորը Միշել Լեգրանն է: Հերմինեի խոսքով՝  նկարահանումները տեղի են ունենալու Ֆրանսիայում, Բուլղարիայում, հավանաբար նաեւ Հայաստանում եւ Թուրքիայում:

«Ես համաձայն եմ լինել քո ֆիլմի կոմպոզիտորը»,- Արտակ Իգիթյանին է ասել Միշել Լեգրանը, որը, ռեժիսորի խոսքով, առաջին անգամ ցանկություն է հայտնել, որպեսզի ֆիլմի տիտրերում գրվի նաեւ իր հայկական ազգանունը՝ Տեր-Միքայելյան։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ MENART.ru կայքից



© NEWS.am STYLE