«Հաղթանակի հնարավորություններս բարձր եմ գնահատում». Թերեզա Մարտիրոսյանը՝ «Միսս Արմենիա» մրցույթի մասին (ֆոտո)

15:05   7 սեպտեմբերի, 2017

Այս շրջանում մոդել Թերեզա Մարտիրոսյանն իր հանգիստն էր վայելում հեքիաթային Բարսելոնում, իսկ արդեն վաղը վերադառնալու է Հայաստան՝ «Միսս Արմենիա» մրցույթի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու նպատակով:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելը պատմել է իր անմոռանալի հանգստի, տպավորությունների, ինչպես նաեւ սպասված մրցույթի եւ հաղթանակի իր շանսերի մասին.

«Սեպտեմբերի 1-ին մեկնեցինք Բարսելոն՝ քրոջս ծննդյան օրը նշելու համար: Մեկնել ենք երկուսով: Նրա ծննդյան օրը սեպտեմբերի 2-ին է, իմը՝ 17-ին. որոշել ենք ամեն տարի տարբեր երկրներ մեկնել մեր ծննդյան տոների առթիվ:) Այս 6 օրվա մեջ գրաֆիկն այնքան խիտ էր, որ այնպիսի տպավորություն է, թե չեմ հանգստացել: Փորձում ենք անմենահետաքրքիր ու պատմական վայրերում լինել»,-ասում է Թերեզան՝ հավելելով, որ տպավորված  է այն ամենով, ինչ տեսել է Բարսելոնում:

«Այստեղ չկա մի անկյուն, որը կարող է չտպավորել: Ուղղակի հիացած եմ ճարտարապետությամբ: Ամեն մի շինություն տարբեր է ու մեկը մյուսից հետաքրքիր: Մարդիկ շատ բարեհամբույր են, արդեն նույնիսկ սկսել եմ լեզուն հասկանալ: Չնայած առաջին անգամ եմ այստեղ՝ ինձ թվում է, թե ամբողջ կյանքում ապրել եմ Բարսելոնում: Այստեղ ավարտվելու է իմ սեպտեմբերյան ճանապարհորդությունը: Առաջին անգամ եմ Բարսելոնում, բայց հուսով եմ՝ ոչ վերջին»,-ասում է մոդելը:

Թերեզայից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ փուլում են «Միսս Արմենիա» մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու արդյոք մյուս աղջիկների մեջ տեսնո՞ւմ է մրցակիցների.

«Մյուս աղջիկների մեծ մասին ծանոթ եմ: Մրցակիցնե՞ր:) Շատ բարդ հարց է: Յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի, բայց կարծում եմ՝ մարդիկ պետք է հասկանան, որ հաղթողը ոչ միայն պետք է գեղեցիկ լինի, այլեւ արժանի այդ տիտղոսին: «Միսս Աշխարհ» մրցույթում երկիր ներկայացնելը շատ պատասխանատու քայլ է: Քանի որ աշխարհի տարբեր երկրներից աղջիկներ են մասնակցելու այդ մրցույթին, շատ կարեւոր է տարբերվող եւ հիշվող լինելը: Սա իմ կարծիքն է: Չեմ ուզում ինքնահավան թվալ, բայց հաղթանակի հնարավորություններս բարձր եմ գնահատում: Դա գալիս է իմ տարիների աշխատանքից եւ միջազգային մրցույթներին մասնակցելու փորձից»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Թերեզա Մարտիրոսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE