Յոթ բան, որոնք ստիպում են սիրել հայաստանյան աշունը

20:35   8 սեպտեմբերի, 2017

Աշնան սկիզբը Հայաստանում  եւ հատկապես մայրաքաղաք Երեւանում բավականին տաք է։ Եթե չհաշվենք անձրեւները, որոնք երբեմն-երբեմն լինում են աշնան կեսերից, ապա, կարելի է ասել, իդեալական աշուն ունենք։

NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի գործոն, որոնց միջոցով հայաստանյան աշունը ստիպում է, որ «սիրահարվես» իրեն։

Խշխշան տերեւներ. քանի որ մեր քաղաքի մաքրությունն իդեալական չէ, հետեւաբար հաճախ կհանդիպես չորացած տերեւների կույտերի։ Իսկ ի՞նչ կա ավելի զվարճալի, քան քայլել դրանց վրայով կամ, թեկուզ, ֆոտոշարք իրականացնել տերեւների մեջ պառկած։

Բնապատկեր. նա, ով աշնանը մեկ անգամ եղել է Դիլիջանում կամ Իջեւանում, կարող է վստահ ասել, հայաստանյան ամենագեղեցիկ աշունը հենց այնտեղ է։

Երեկոյան շուտ է մթնում. եւ չկա ավելի ռոմանտիկ բան, քան սիրելիի հետ կարմրած քթով քայլել կիսախավար ու թաց փողոցներով։

Երբ անձրեւ է, դու պարտադրված չես փողոց դուրս գալ. այո, ցավոք, հայերի մոտ ընդունված է գործերը չեղարկել միայն այն պատճառով, որ դրսում անձրեւ է։ Օգտվիր այդ հնարավորությունից :)

Կարելի է նստել տանը, գիրք կարդալ կամ... դե իհարկե, թեյ խմել։

Աշնանը Հայաստանի բնությունը մեզ է պարգեւում նաեւ համեղ ու հյութալի մրգեր, հատապտուղներ. ես, օրինակ, խենթանում եմ ալոճի համար։

Դե, իսկ ոճային աղջիկները աշունը սիրելու եւս մեկ պատճառ ունեն՝ ոչ շատ տաք հագուստ։ Հայաստանում աշունը երբեք «սառնասիրտ» չի լինում, ուստի մենք միշտ կարողանում ենք համադրել նորաձեւ եւ տաք հագուստն այնպես, որ լինենք ոճային։

Շ. Շուշան



© NEWS.am STYLE