Վրաստանում Էլթոն Ջոնի համերգները հետաձգվել են

15:29   8 սեպտեմբերի, 2017

Վրաստանում Էլթոն Ջոնի համերգները հետաձգվել են: Այս մասին գրում է Newsgeorgia.ge-ն:

Eastern Promotions ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Կերեսելիձեն մամուլի ասուլիսում հայտնել է, որ աշխարհահռչակ երաժշտի համերգները, որոնք պետք է կայանային սեպտեմբերի 16-ին եւ 17-ին, տեղի կունենան հաջորդ տարի:  Համերգները նախանշված էին Գուրիայի շրջանի սեւծովյան Շեկվեթիլի հանգստավայրի Black Sea Arena համերգասրահում:

Ակնկալվում է, որ Էլթոն Ջոնը Վրաստան կայցելի եւ ելույթ կունենա 2018 թվականի ամռանը:

Նրանք, ովքեր սեպտեմբերի 16-ի համերգի տոմսեր էին գնել, կարող են առանց խնդիրների մասնակցել 2018 թվականի հունիսի 30-ի, իսկ սեպտեմբերի 17-ի տոմս ունեցողները՝ հուլիսի 1-ի համերգին:

Որպես համերգների չեղարկման պատճառ նշվել է Էլթոն Ջոնի ընկեր եւ գործընկեր Դեյվի Ջոնսթոնի վատ ինքնազգացողությունը: Նա Ջոնի երաժշտական տնօրենն է, ինչպես նաեւ կիթառահարն ու նրա խմբի անփոփոխ անդամը 1972 թվականից: Վերջերս Ջոնսթոնը ձեռքի լուրջ վիրահատություն է տարել:

Էլթոն Ջոնի համերգները Վրաստանում ծրագրվում էին 2017 թվականի Wonderful Crazy Night համերգային շրջագայության շրջանակում: Երաժիշտը վրացական բեմում պետք է կատարեր իր հին հիթերն ու վերջին` Wonderful Crazy Night ալբոմից կոմպոզիցիաներ:

Վրաստանում համերգների շուրջ բանակցությունները երաժիշտի հետ ընթանում էին ավելի քան մեկուկես տարի:

Համերգի հոնորարի չափը չի հրապարակվում:



© NEWS.am STYLE