Իջինը՝ Արտեմ Վալտերի հետ նոր զուգերգի եւ առաջին անգամ հայերեն երգելու մասին

18:35   8 սեպտեմբերի, 2017

Երգչուհի Իջինն առաջին անգամ կներկայացնի հայալեզու կատարում: «Հատուկենտ»՝ այսպես է կոչվում Իջինի եւ Արտեմ Վալտերի նոր զուգերգը, որի մասին երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին.

«Արդեն 3 տարի է՝ Արտյոմի հետ միասին աշխատում ենք: Նա իմ շատ լավ ընկերն է: Նրա հետ աշխատելն իսկապես հաճույք է, նա մեծատառով տաղանդ է: Արտյոմը իմ երգերից շատերի համար է կատարել գործիքավորում, եւ քանի որ արդեն շատ երկար տարիներ է՝ միասին համագործակցում ենք, մեզ մոտ ամեն ինչ շատ ներդաշնակ է ստացվում. կես խոսքից միմյանց հասկանում ենք, նույն նախասիրություններն ունենք: Այդպիսով, մտածեցինք, որ հրաշալի կլիներ դուետով հանդես գալը:  Արտյոմն արդեն ուներ գրած երգ եւ առաջարկեց, որ միասին այն կատարենք: Առաջին իսկ անգամ լսելուց հետո սիրահարվեցի այդ երգին: Այն հնարավոր չէ լուռ լսել, ուզում ես միանգամից պարել :) Ուրախ եմ, որ Արտյոմը հենց ինձ առաջարկեց այն կատարել իր հետ»:

Այս ստեղագործությամբ Իջինն առաջին անգամ հանդես եկավ հայալեզու կատարմամբ, սակայն, կարծես թե, ոչ վերջին...

«Այո, սա իմ կատարմամբ առաջին հայալեզու երգն է: Ի դեպ, այս պահին էլ մի հայերեն երգի վրա եմ աշխատում, որը շուտով լույս է տեսնելու: Իսկ ինչ վերաբերում է իմ եւ Արտյոմի զուգերգին՝ հնարավոր է այն ունենա նաեւ տեսահոլովակ»,-նշեց երգչուհին:

Ինչպես Իջինը բազմիցս նշել է՝ ոչ մի ամառ չի անցկացնում առանց իր սիրելի Երեւանի: Այս տարին էլ բացառություն չի եղել: Երգչուհին պատմեց, թե այս անգամ ինչ է տարել իր հետ հարազատ քաղաքից.

«Այստեղ լիցքավորվել եմ արեւի ու բնության դրական էներգիայով, ամեն օրս անցկացրել եմ զարմիկներիս հետ: Հարազատ տնից լավ տեղ չկա, էլ ի՞նչ է պետք՝ երջանիկ լինելու համար»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE