Վախճանվել է Իվ Սեն Լորանի գործընկեր եւ սիրեկան Պիեռ Բերժեն

16:01   8 սեպտեմբերի, 2017

Կյանքի 86-րդ տարում վախճանվել է գործարար, Իվ Սեն Լորանի գործընկեր եւ սիրեկան Պիեռ Բերժեն, գրում է Gala.fr-ն: Պիեռն իր ամբողջ կյանքի սիրուց 9 տարի ավելի ապրեց:

Գործարարը մահացել է Ֆրանսիայի հարավային՝ Սեն Ռեմի դը Պրովանսի իր կալվածքում:


Պիեռ Բերժեն ծնվել է 1930 թվականին՝ ֆրանսիական Օլերոն կղզում:

1958-ին նա ծանոթանում է Իվ Սեն Լորանի հետ: Շուրջ ութ տարի նրանց կապում էին ռոմանտիկ հարաբերությունները: 1961 թվականին Բերժեն եւ Սեն Լորանը բացում են Yves Saint Laurent նորաձեւության տունը: Նույնիսկ բաժանվելուց հետո նրանք ընկերներ եւ գործընկերներ են մնում: Բերժեն Yves Saint Laurent-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2002 թվականը:

2002-ին նորաձեւության տունը վաճառում են, իսկ Բերժեն գլխավորում է Pierre Bergé-Yves Saint Laurent Foundation հիմնադրամը:

2008 թվականին հայտնի դիզայների մահից կարճ ժամանակ առաջ նրանք հասցնում են քաղաքացիական ամուսնություն գրանցել: Նրանց գործնական եւ ռոմանտիկ կապերը, փաստորեն, ավելի քան 50 տարվա պատմություն ունեն:

Պիեռ Բերժեի հուղարկավորության մանրամասները դեռեւս հայտնի չեն:



© NEWS.am STYLE