Երեւանյան ազդ. ուր գնալ այս շաբաթ

12:05   11 սեպտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է գրել մայրաքաղաքի ամենահետաքրքիր իրադարձությունների մասին, իսկ գնալու տեղ կա, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ սեպտեմբերյան հաճելի եղանակը երեկոյան զբոսանքի է տրամադրում: Մեզ դուր են գալիս երեւանյան երեկոները եւ իսկապես հաճելի է նստել Սարյան փողոցում ու դիտել անցորդներին:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16:00-ին Սլավոնական համալսարանի Մշակույթի տանը տեղի կունենա հանդիպում երգիչ, երգերի հեղինակ, ուկրաինական «Х-фактор»-ի հաղթող Սեւակ Խանաղյանի հետ: Հանդիպումը կազմակերպվելու է բուհի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20:00-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Արգենտինական ֆիլմերի Vl փառատոնի բացումը: Փառատոնը կազմակարպվել է ՀՀ-ում Արգենտինայի Դեսպանության կողմից: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի նշանավոր ռեժիսորների ֆիլմեր, այդթվում`մեկ անիմացիոն ֆիլմ, բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն ենթագրերով: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 14-ին Ռուբեն Հախվերդյանը համերգ կտա Արամ Խաչատրյան համերգասրահում: Սկիզբը՝ 19:30-ին, տոմսերի արժեքը՝ 2.000 դրամ:

Սեպտեմբերի 14-ին Yellow Stones խումբը ելույթ կունենա Kami ակումբում: Համերգը կսկսվի 21:30-ին, տոմսերը 3.000 դրամ կարժենան:

Պրահայում բնակվող ուկրաինացի հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքները կներկայացվեն Հայաստանում: Նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Հայ արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու ներկայացվելիք աշխատանքները մինչեւ սեպտեմբերի 17-ը:

Սեպտեմբերի 16-ին մեկնարկում է Oriflame Fashion Weekend 2017-ը: Երեկոյան 8-ից իրենց հավաքածուները կներկայացնեն (երկաթուղային կայարանում) Վիգեն Դերդերյանը (ԱՄՆ), Արմինե Օհանյանը (Ֆրանսիա), Լաշա Ժոխաձեն (Վրաստան): Իսկ հաջորդ օրը կկայանա Aram Nikolyan-ի, Faina-ի, Kivera Naynomis-ի եւ Harmony Yerevan-ի հավաքածուների ցուցադրությունը:

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Երեւանի կենտրոնում տեղի կունենա MusicFest-ը՝ հրավիրյալ մեգաաստղի մասնակցությամբ, որի անունը չի բացահայտվում:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ից մինչեւ երեկոյան 18:00-ն Անգլիական այգում Գյուղական կյանքի փառատոն կանցկացվի: Հայաստանից, Վրաստանից եւ Իրանից ֆերմերները կներկայացնեն իրենց մրգերը, բանջարեղենը եւ այլ արտադրանք: Կազմակերպիչները խոստանում են մի շարք մրցույթներ, երեխաների համար խաղեր եւ ավանդական հայկական երաժշտություն:



© NEWS.am STYLE