«Կյանքում երկու բան լավ չի ստացվել ինձ մոտ՝ փող աշխատել եւ խոսել». տասը տարի անց Հայկոն կրկին հանդես եկավ մենահամերգով (ֆոտո/վիդեո)

23:35   8 սեպտեմբերի, 2017

Իր վերջին մենահամերգից տասը տարի անց Հայկոն Երեւանում կրկին հանդես եկավ համերգով: Սեպտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիում հնչեցին երեւանյան հին ռոմանսները, հայկական ֆիլմերի սաունդթրեքերն ու Հայկոյի զուգերգերն այլ արտիստների հետ.

«Կյանքում երկու բան լավ չի ստացվում ինձ մոտ՝ փող աշխատել եւ խոսել: Առաջինն, իհարկե, կատակ էր»,- համերգի սկզբում ասաց Հայկոն՝ նշելով, որ արդեն հաղթահարել է հուզմունքը:

«Ինձ թվում է՝ աշխարհի յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ լինի, այս պահը իր համար ամենաերջանիկը կլինի»,- նշեց երգիչը՝ ցույց տալով լեփ-լեցուն դահլիճը:

Հայկոյի մենահամերգին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, երգչի ընտանիքի անդամները, բարեկամները, ընկերները եւ անգամ հարեւան Վրաստանից ժամանած երկրպագուները:

Երգիչը զուգերգեր կատարեց Քրիստինե Պեպելյանի, Ռազմիկ Ամյանի, Հռիփսիմե Հակոբյանի հետ: Նրա հետ միասին բեմում նվագեցին հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանն ու Կամո Սեյրանյանը:

Համերգն ուղեկցվեց թվային պատկերների հետաքրքիր լուծումներով. յուրաքանչյուր երգ ուներ իրեն հատուկ շարժական ֆոնը:

NEWS.am STYLE-ը նույնպես ներկա էր միջոցառմանը եւ ներկայացնում է ֆոտո- եւ տեսանյութեր:



© NEWS.am STYLE