Մասնագետի խորհուրդները. գործնական դիմահարդարում

21:18   16 ապրիլի, 2013

Շատ կանայք մեծ սխալ են գործում կարծելով, թե գործնական դիմահարդարումը դեմքին նվազագույն քանակությամբ կոսմետիկան է: Նման ենթադրությունը մի շարք կանանց եւ աղջիկների փակուղու առջեւ է կանգնեցնում, ովքեր մեծ քանակությամբ կոսմետիկա են օգտագործում մաշկի որոշ թերությունները շտկելու համար: Գործնական դիմահարդարումը յուրատեսակ «ոսկե միջինն» է, որտեղ հիմնական խնդիրը ձեր դեմքի խնամվածությունն ու թարմությունն է: Եվ եթե երբեմն նման հարցադրումը բարդ խնդրի առջեւ է կանգնեցնում, ապա, որոշ ջանքեր ներդնելով, դրական արդյունքի հասնել կարելի է:

Նույնիսկ եթե ծանր օրվանից հետո չեք կարողացել ինչպես հարկն է հանգստանալ եւ առավոտյան դա արտացոլվում է ձեր դեմքին, հուսահատվել, ամեն դեպքում, պետք չէ: Իսկ ինչպե՞ս  վերացնել կուտակված հոգնածության հետքերը եւ վերականգնել մաշկի թարմությունը: Ինչպե՞ս հասնել քիչ թե շատ ընդունելի արդյունքի եւ ճիշտ գործնական դիմահարդարում կատարել: Խորհուրդներով կօգնի դիմահարդար Հասմիկ Դավթյանը:

«Դիմահարդարման ժամանակ հիմնական շեշտը դրեք որակյալ տոնային միջոցների վրա: Քանի որ հենց այդ էլ գործնական դիմահարդարման եւ ամբողջ օրվա ընթացքում լավ տրամադրության հիմքն է: Լավ ընտրված տոնային միջոցը կթաքցնի թերությունները, ինչպես նաեւ կնպաստի դեմքի գույնի հավասարեցմանը, կհեռացնի յուղոտ փայլը եւ կծածկի ոչ մեծ կնճիռները: Եթե խնդիր ունեք ծածկել նաեւ փոքրիկ բշտիկները, պիգմենտային բծերը եւ այլ թերություններ, ապա այն դժվար չէ լուծել գունավոր շտկող միջոցների օգնությամբ:

Աչքերի ստվերաներկը պետք է հիմնական երանգից մի փոքր մուգ լինի: Բայց ոչ թե մռայլ, այլ բաց երանգներով: Գործնական դիմահարդարման համար ստվերաներկի ընդհանուր գույներն են մոխրագույնի եւ շագանակագույնի երանգները: Եթե դիմահարդարման ժամանակ նախընտրում եք աչքերի հեղուկ միջոցները կամ մատիտները, ապա այդ միջոցներից հարկավոր է հրաժարվել ընդհանրապես: Կարող է բացառություն լինել ստվերաներկի երանգի մատիտով աչքերը թեթեւ ընդգծելը: Հիշեք, որ կոսմետիկայով չափազանց հագեցած աչքերը շատ վառ տեսք ունեն եւ մի փոքր էլ գռեհիկ են գործնական կնոջ համար: Այդ պատճառով թարթիչների սեւաներկը քսում են մեկ շերտով: Հրաժարվեք թարթիչներին ծավալ հաղորդող, ինչպես նաեւ գունավոր սեւաներկից: Նման դիմահարդարումն այնքան էլ տեղին չի լինի: Գործածեք սովորական սեւաներկ. ձեզ հարկավոր է միայն ընդգծել աչքերը, ոչ ավելին:

Գործնական դիմահարդարումն ավարտելու եւ դրան ավարտուն տեսք տալու համար կարելի է օգտագործել այնպիսի սնգույր, որից օգտվում եք առօրյա դիմահարդարման ժամանակ: Հարկավոր է հաշվի առնել մեկ նրբություն. սնգույրը պետք է հարմարեցնել ձեր դիմահարդարման հիմնական գունային գամմային: Ու եվս մեկ նրբություն. գործնական դիմահարդարման մեջ սնգույրը շտկող դեր է կատարում, այլ ոչ թե դեկորատիվ, ինչպես սովորական դիմահարդարման դեպքում: Դրանք գործածվում են միայն ձեր դեմքին թեթեւ լուսավորություն հաղորդելու համար:

Եվ, վերջապես, շրթներկ: Այն չպետք է վառ երանգ ունենա, ինչպես եւ գործնական դիմահարդարման մյուս բաղադրիչները: Ավելի հարմար են զուսպ երանգներով անփայլ շրթներկերը: Գործնական դիմահարդարումը տանել չի կարողանում վառ երանգներով եւ փայլերով շրթներկը: Վառ վարդագույն շրթներկը ձեզ միամիտ եւ թեթեւամիտ կնոջ տեսք կտա, բայց ոչ երբեք գործնական»:



© NEWS.am STYLE