Exclusive. Համաշխարհային աստղեր, նորաձեւություն եւ առողջ կենսակերպ. հայուհի KeyOh-ը՝ գերմանական հեռուստաշոուի հաղորդավար

14:26   11 սեպտեմբերի, 2017

Բելգիահայ երգչուհի KeyOհ-ը, որն այս շրջանում ամուսնու հետ բնակվում է Բեռլինում, դարձել է Բեռլինի ազգային հեռուստաալիքի նոր ժամանցային շոուի հաղորդավարուհին: BE YOU International` այսպես է կոչվում նորաձեւության եւ առողջ կենսակերպի մասին շոուն, որը եթերում կլինի 2018 թ-ին:

Իսկ մինչ այդ՝ երգչուհին բացառության կարգով NEWS.am STYLE-ին պատմել է շոուի մանրամասները.

«Բեռլինի ազգային հեռուստատեսությունը կապ հաստատեց գերմանաբնակ իմ մենեջերի հետ: Նրանք ցանկություն ունեցան ինձ հետ աշխատելու, երբ տեսան իմ պորտֆոլիոն: Իմանալով, որ ես արդեն հաղորդավարության փորձ ունեմ, նրանք ցանկացան ինձ հետ համագործակցել: Նախկինում ես հոլիվուդյան աստղերի հետ էի աշխատում եւ ճանապարհորդում աշխարհով մեկ: Հիմա թվում է, թե պատմությունը կրկնվում է: Ինձ ասացին, որ թիմ հավաքեմ, եւ ստեղծեմ իմ սեփական շոուն, որտեղ կլինեն թարմ մտքեր, նորաձեւություն եւ առօրյա կյանք: Շոուին կտեսնեք նաեւ մի շարք աստղերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող մոդելների, ազդեցիկ բլոգերների, նորաձեւության աշխարհի հայտնիների եւ այլն: Լինենք հայտնի, թե ոչ, բոլորս էլ գեղեցկության եւ նորաձեւության հարցում նույն սպասելիքներն ունենք: Հիմա աշխատում եմ նոր թիմի հետ, սակայն այն մարդիկ, որոնք ինձ տարիներ շարունակ օգնել են, կլինեն կողքիս նաեւ այս նախագծի ընթացքում»,-ասում է KeyOh-ը:

Երգչուհին դեռեւս իրավունք չունի շատ բաներ բացահայտել նախագծի մասին, սակայն որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, գաղտնազերծեց.

«Նախագիծը  գեղեցկության, նորաձեւության եւ առողջ ապրելակերպի մասին է: Ես եւ իմ թիմը ձեզ համար մի շարք գաղտնիքներ կբացղահայտենք: Իմ ծրագրի միջոցով ցույց կտանք, թե ինչպես կարող եք հոգ տանել ինքներդ ձեր մասին. մենք կներկայացնենք տանը հեշտ պատրաստվող միջոցներ, որոնք շատերի կյանքն ավելի հեշտ կդարձնեն: Կներկայացնենք այն ամենը, ինչն արդիական է: Առայժմ իրավունք չունեմ շատ բաների մասին խոսել, բայց երբ եթերում լինի, կտեսնեք, թե ինչ խենթություններ են ձեզ սպասվում: Ես աշխատում եմ պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ինձ հետ հաղորդումը կվարի նաեւ մի շատ անվանի ոճաբան»,-ասում է երգչուհի-հաղորդավարուհին, որի խոսքով՝ նախագիծն իր առջեւ նոր հնարավորություններ կբացի.

«Այս նախագիծն ինձ համար նոր հնարավորություն է, որպեսզի անեմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Սակայն առաջնահերթ միշտ կենտրոնանալու եմ իմ երաժշտական նախագծերի վրա: Շատ շուտով լույս կտեսնի իմ նոր սինգլը, որը կոչվում է Love or Curse, ինչի առիթով շատ ոգեւորված եմ: Այն շատ անձնական է, բայց շատ մարդիկ կարող են իրենց տեսնել այս երգի մեջ: Եթե ինձ հարցնեին, կասեի, որ սա իմ երգերից ամենասիրելին է ինձ համար»:

Իսկ առայժմ հայուհին ամբողջությամբ զբաղված է նոր շոուի նախապատրաստական աշխատանքներով.

«Հիմա դեռ նկարահանումներ ենք իրականացնում տարբեր երկրներում եւ քաղաքներում:  Կոնկրետ չեմ կարող նշել երբ, բայց կասեմ, որ այն եթերում կլինի 2018 թ-ին: Ինչպես նշեցի, մենք շատ քաղաքներում ենք լինելու, այցելելու ենք աշխարհի ամենահայտնի գեղեցկության սրահները, խորհրդակցելու ենք ամենաճանաչված մասնագետների հետ, իսկ այդ ամենը շատ ժամանակ կպահանջի մեզանից: Հեռուստատեսությունից բացի՝ հաղորդումը կտեղադրվի նաեւ YouTube-ում: Ես այն վարելու եմ անգլերենով, բայց կլինեն նաեւ այլ լեզուներով թարգմանություններ: Մի խոսքով, անհամբերությամբ սպասում եմ, թե երբ են բոլորն այն տեսնելու»,-ասում է երգչուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ KeyOh-ի Facebook-ի էջից

 



© NEWS.am STYLE