Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. «Կանգառը»՝ անսպասելի վայրէջք եւ պայքար տղամարդու սրտի համար (ֆոտո/վիդեո)

17:35   11 սեպտեմբերի, 2017

Քեյթն ու Մեգը մտերիմ ընկերուհիներ են, սակայն բնավորության գծերով նրանք այնքան էլ նման չեն. Մեգը հետաքրքրված է դիմահարդարմամբ եւ դիմահարդարման պարագաներով, որոնք նա մատակարարում է տարբեր ընկերությունների: Նա շատ աշխույժ է եւ կենսախինդ, սիրում է լինել մշտապես խնամված եւ նորաձեւ, ինչի շնորհիվ էլ տղամարդկանց ուշադրության պակաս չի զգում: Ի տարբերություն Մեգի՝ Քեյթը բավականին պասիվ է, նա հատուկ դպրոցում ուսուցչուհի է աշխատում, եւ նրան առավել հետաքրքիր է գրականությունը: Առաջին հայացքից տարբեր թվացող ընկերուհիներին, սակայն, միավորում է կյանքի ձախողումը:

Միեւնույն ժամանակաշրջանում թե՛ Քեյթը, թե՛ Մեգը կորցնում են աշխատանքը: Աղջիկները չգիտեն՝ ինչպես բարձրացնեն տրամադրությունը հերթական ձախողումից հետո, սակայն Մեգի մտքով մի խենթ բան է անցնում… Ընկերուհիները հավաքում են ճամպրուկներն ու նույն օրը որոշում մեկնել արեւային Ֆլորիդա՝ հույս ունենալով դրական էներգիայով լիցքավորվել եւ մոռանալ բոլոր անհաջողությունների մասին:

Ինքնաթիռում ընկերուհիների կողքին նստում է համակրելի մի երիտասարդ, որն առաջին իսկ հայացքից հմայում է նրանց երկուսին էլ: Շուտով պարզ է դառնում, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռը պետք է հարկադրված վայրէջք կատարի Սենթ Լուիսում: Երիտասարդին այդ փաստը մի փոքր մտահոգում է, որովհետեւ նա անընդհատ պնդում էր, որ ինչ-որ հարսանիքից է ուշանում, մինչդեռ Քեյթի ու Մեգի համար սա հրաշալի հնարավորություն էր նրա սիրտը գրավելու:

Սկզբում աղջիկների համար դա սովորական խաղ է լինում, սակայն ավելի ուշ նրանք երկուսն էլ հրապուրվում են շիկահեր սրտակերով, եւ խաղն այլ փուլ է անցնում, որտեղ Քեյթն ու Մեգն այլեւս մտերիմ ընկերուհիներ չեն, այլ ոխերիմ թշնամիներ… Ընկերուհիների պայքարը զվարճացնում է խորհրդավոր տղամարդուն: Ի վերջո, աղջիկներից ո՞ւմ նա կընտրի եւ ո՞ւմ հարսանիքին էր այդպես շտապում…

Ռեժիսոր Ուիլյամ Մեյսի «Կանգառը»/Layover ֆիլմը էկրաններ է բարձրացել 2017 թ-ին: Կատակերգական ժանրի այս կինոնկարի գլխավոր դերերում հանդես են եկել Քեյթ Ափթոնը, Ալեքսանդրա Դադարիոն եւ Մեթ Բարը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE