Բենեդիկտ Քամբերբեթչը երկրպագուների հետ հանդիպման շնորհիվ 500 հազար դոլար է վաստակել

16:05   12 սեպտեմբերի, 2017

«Շերլոք» սերիալի 41-ամյա աստղ Բենեդիկտ Քամբերբեթչը երկրպագուների հետ երկու հանդիպման շնորհիվ 500 հազար դոլար է վաստակել, գրում է Daily Mail-ը:


The Sun-ի փոխանցմամբ էլ՝ բրիտանացի դերասանն այս տարվա հուլիսին (լրագրողներն այդ մասին հիմա են իմացել) այդքան գումար է աշխատել երկու օրում՝ ինքնագրեր բաժանելով երկրպագուներին եւ լուսանկարվելով նրանց հետ:

Լրագրողները պարզել են, որ ամռանը կազմակերպված՝ դերասանի եւ երկրպագուների հանդիպման ժամանակ վերջինները 75 ֆունտ են վճարել՝ աստղի հետ մեկ լուսանկարի համար, ինչպես նաեւ 85 ֆունտ՝ ինքնագրի համար: Meet and greet ամբողջական փաթեթը՝ լուսանկար, ինքնագիր եւ աստղի հետ զրույց, 225 ֆունտ է արժեցել:
Գումարը դերասանը բարեգործության է ուղղել՝ դրանք տրամադրելով փախստականների օգնության հիմնադրամին:

Դերասանն ու ժապավենից նրա խաղընկերուհի Քեթրին Ուոթերսթոնը՝ պրեմիերային

Դերասանը ներկայում մասնակցում է Տորոնտոյի կինոփառատոնին, որտեղ կայացել է նրա մասնակցությամբ Current war («Հոսանքների պատերազմ») ֆիլմի պրեմիերան:


Լուսանկարները՝ Wenn-ի, Getty-ի, PA-ի



© NEWS.am STYLE