Դերասանուհի Քերի Մալիգանը երկրորդ երեխային է լույս աշխարհ բերել

18:11   13 սեպտեմբերի, 2017

Դերասանուհի Քերի Մալիգանը երկրորդ երեխային է լույս աշխարհ բերել, գրում է Metro-ն: Բրիտանացի 32-ամյա դերասանուհու հղիության մասին հայտնի դարձավ միայն հուլիսին: Երեխան ծնվել է դեռեւս օգոստոսին, բայց այդ մասին լրատվամիջոցները միայն հիմա են իմացել:

Ընդհանրապես, Մալիգանի եւ նրա ամուսնու՝ 30-ամյա երաժիշտ Մարկուս Մամֆորդի ընտանեկան կյանքի մասին երկրպագուները քիչ բան են իմանում:

Դերասանուհու ծննդաբերության մասին պարզ է դարձել, երբ սեպտեմբերի 12-ին նա Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ ներկայացրել է իր Mudbound ֆիլմը:

Ավելի ուշ տեղի ունեցած մամուլի ասուլիսում աստղը հաստատել է լուրը՝ շնորհակալություն հայտնելով երեխայի ծնվելու առիթով իրեն շնորհավորած լրագրողին: Նա նաեւ պատասխանել է հարցին, թե ինչպես է կարողանում երկու երեխայի դաստիարակել:

«Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, շնորհակալություն»,- հայտարարել է Մալիգանը: Սակայն նորածնի մասին որեւէ մանրամասն դերասանուհին չի ասել. երեխայի սեռն ու անունը հայտնի չեն:

Հիշեցնենք, որ դերասանուհին եւ երաժիշտը միասին են արդեն շուրջ յոթ տարի, իսկ 2012 թվականին գաղտնի ու համեստ հարսանիք են կազմակերպել: 2015 թվականին ծնվել է Քերիի եւ Մարկուսի դուստրը՝ Էվելին Գրեյսը:



© NEWS.am STYLE