Նորաձեւ հոնքեր. եթե որոշել եք դաջվածք անել

19:10   14 սեպտեմբերի, 2017

Նորաձեւությունը քմահաճ եւ փոփոխական «տիկին է»: Օրինակ՝ եթե անցած դարակեսին նորաձեւ էին համարվում թելանման բարակ հոնքերը, եւ անհրաժեշտ էր հնարավոր բոլոր միջոցներով խիտ հաստ հոնքերից ազատվել, ապա այսօր ամեն ինչ ճիշտ հակառակն է:

Եթե բնությունը ձեզ խիտ գեղեցիկ հոնքերով չի օժտել, ապա օգնության կհասնի դաջվածքը: Տարածված կարծիքի համաձայն՝ հատկապես այս մեթոդը կօգնի ստանալ հոնքերի կատարյալ ձեւ եւ հաստություն: Չնայած հայ գեղեցկուհիների դեպքում հոնքերի հաստության եւ ձեւի հարցում մշտապես խնդիրներ չեն եղել, արդուհանդերձ, այսօր շատերն են դիմում այս միջամտությանը՝ իրենց ավելորդ հոգսից ազատելու համար: Հոնքերի դաջվածքի նրբությունների շուրջ էլ զրուցեցինք կոսմետոլոգ Լուիզա Բաբայանի հետ:

Նրա խոսքով՝ հոնքերի դաջվածքի ամենատարածված եղանակներից մեկը մազայինն է:

Այս մեթոդով դաջելու դեպքում նկարվում է յուրաքանչյուր մազը: Լավագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել մի քանի գույների պիգմենտներ, ինչը կօգնի մեծ ծավալ հաղորդելուն: Այս տեխնիկայի միջոցով կարելի է մեծացնել հոնքերի երկարությունը, ծածկել աննշան սպիները, փոխել կորությունը՝ դուրս գալով մազարմատների սահմանից:


Երկրորդ տեղում է 3D դաջվածքը, որը հաճախ անվանում են 5D եւ 6D: Ըստ էության, այն նման է առաջին մեթոդին, որը համակցված է ստվերագծման եւ մազային տեխնիկայի էֆեկտով՝ պիգմենտների տարբեր երանգների կիրառման համադրությամբ: Մասնագետի կարծիքով՝ այս միջամտության արդյունքն առավել բնական է: 3D դաջվածքը համապատասխանում է համեմատաբար խիտ հոնքեր ունեցող կանանց, քանի որ նկարված հոնքերը չեն երեւում սեփականի ֆոնին, ինչը հոնքերին բնական տեսք է տալիս:

Ստվերային դաջվածքը կամ ստվերագծման տեխնիկան նախատեսում է հոնքերի ամբողջական լրացում: Պիգմենտն ամբողջ հոնքը լրիվ է ներկում՝ առանց բաց տեղ թողնելու: Դաջվածքի ստվերային տեխնիկան թույլ է տալիս հոնքերի ձեւը փոխել, ծավալ կամ խտություն ավելացնել, ինչպես նաեւ ծածկել եղած սպիները: Այսպիսի միջամտության կարիք ունեն այն կանայք, որոնք բացարձակապես հոնքեր չունեն, եւ ձեւավորման այլ տարբերակ չկա: Մինչդեռ ինքը՝ Բաբայանը, հաճախ իր հաճախորդներին համոզում է չդիմել դաջվածքի այս տեսակին՝ անբնականության եւ դաջվածքի՝ չափից ավելի աչքի զարնող գույնի պատճառով:

Հոնքերի շտկման ամենավտանգավոր եղանակը միկրոբլեյդինգն է: Բոլոր պրոֆեսիոնալներն այս միջամտությունից հրաժարվում են, չնայած Հայաստանում այն նոր-նոր է սկսում տարածվել: Լուիզան նշեց, որ միկրոբլեյդինգի առաջնային արդյունքն աննման է: Սակայն գրիչը, որով մազերը նկարվում են, հետագայում սպիներ եւ մաշկի վրա կտրվածքների հետքեր է թողնում: Դրա հետ կապված հետագայում հոնքերի շտկումը դժվարանում է եւ կատարելությունից հեռու է ստացվում:

Չի կարելի ասել, որ դաջվածքի միջամտությունը զգացողությունների առումով հաճելի է: Այն պակաս ցավոտ դարձնելու համար պրոֆեսիոնալները տարբեր կրեմներ եւ սփրեյներ են օգտագործում, որոնք օգնում են ցավը նվազեցնել եւ միջամտությունը հանգիստ իրականացնել: Դաջվածքը կտրականապես հակացուցված է շաքարային դիաբետով, սիրտ-անոթային հիվանդություններով, էպիլեպսիայով, բրոնխիալ ասթմայով, հերպեսով, մաշկային հիվանդություններով, արյան հիվանդություններով տառապող մարդկանց: Այսպիսի կոսմետիկ միջամտություն չի կարելի կատարել նաեւ հղիներին եւ քրոնիկական հիվանդությունների սրման դեպքում: Ուստի սրահում նման գեղեցկության հասնելուց առաջ ցանկալի է բժշկի դիմել:

Եթե որոշել եք դաջվածք անել, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հաստատության եւ գործիքների ստերիլությանը, որոնցով վարպետն աշխատելու է: Ասեղները եւ սարքի գլխադիրները պետք է մեկանգամյա օգտագործման լինեն:

Դաջվածքը սովորաբար ապաքինվում է 3-7 օրվա ընթացքում: Լիակատար ապաքինման համար ստիպված կլինեք բաղնիքից, շոգեբաղնիքից, սոլյարիից, լողալուց եւ արեւահարվելուց հրաժարվել: Դրա փոխարեն, դաջվածքը կպահպանվի մինչեւ 1 կամ մինչեւ 1,5 տարի՝ կախված մաշկի տեսակից:
Գրագետ կատարված դաջվածքից հնարավոր է ամբողջությամբ ազատվել 3 տարվա ընթացքում, երբ ներկը ժամանակի ընթացքում ջնջվում է: Իսկ եթե անհրաժեշտ է վատ իրականացված աշխատանքը շտկել, ապա ավելի լավ է լազերով հեռացնել:

Ինչպես նշեց Բաբայանը, դաջվածքն առավել սազում է տարեց կանանց, որոնց մոտ հորմոնալ փոփոխությունների ֆոնին հոնքերի մազերը թափվում են կամ ընդհանրապես չեն աճում: Այսպիսի միջամտությունը կնոջը թույլ է տալիս ավելի երիտասարդ տեսք ունենալ: Սա ոչ թե պարզապես նորաձեւությանը տուրք է, այլ անհրաժեշտություն, որը դեկորատիվ կոսմետիկայի հրաշալի այլընտրանք է դառնում:

Հետեւաբար՝ Բաբայանը պատանի աղջիկներին խորհուրդ է տալիս ավելի լավ խնամել հոնքերի աճն ու մաշկը՝ փարթամ «գանգուրներ» ունենալու համար: Դեպքեր են եղել, երբ Լուիզան իր հաճախորդներին տարհամոզել է դաջվածք անելուց եւ խորհուրդ է տվել հոնքերի ձեւավորման այլ միջամտություններ: Կոսմետոլոգը համոզված է, որ հոնքերի դաջվածքը տարիքային միջամտություն է, եւ ցանկալի է դրան հազվադեպ դեպքերում դիմել, երբ հոնքերը շտկելու այլ տարբերակ չկա: Որովհետեւ հոնքերի դաջվածքը տարիքին մի քանի տարի ավելացնում է եւ որոշ դեպքերում անբնական է նայվում:

Բոլոր սրահներում հոնքերի դաջվածքի արժեքը տատանվում է 20 հազարից մինչեւ 60 հազար դրամի սահմանում: Միջամտության գինը կախված է ոչ թե շտկման մեթոդից, այլ, առաջին հերթին, վարպետի օգտագործած նյութերից: Մեծ դերակատարում ունի նաեւ մասնագետի պրոֆեսիոնալիզմը: Ուստի մինչեւ սեփական հոնքերը կոսմետոլոգին վստահելը, նախօրոք հետաքրքրվեք, թե վարպետն ինչպիսին է եւ ծանոթացեք նրա աշխատանքներին:



Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE