«16 տարեկանից զգում եմ, որ սեւ ամպեր են կուտակվել գլխիս վրա». Էմմի Ուայնհաուսն այսօր կդառնար 34 տարեկան (ֆոտո/վիդեո)

16:04   14 սեպտեմբերի, 2017

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ծնվել է բրիտանացի հայտնի երգչուհի եւ երգահան Էմմի Ուայնհաուսը: Էմմին կդառնար 34 տարեկան...

Երգչուհին  հայտնի է իր յուրահատուկ վոկալով եւ ժանրային միքսերով: Ուայնհաուսի առաջին ալբոմը, որը կոչվում է Frank, Բրիտանիայում մեծ արձագանք ստացավ, իսկ Back to Black ալբոմը արժանացել է միանգամից հինգ «Գրեմմի» մրցանակի:

Ցավոք, ինչպես շատ հաջողակ հայտնիներ, Էմմին եւս ունեցել է կախվածություն թմրանյութերից եւ ալկոհոլից:

Երգչուհին մահացել է 2011 թ-ի հուլիսի 23-ին՝ 28 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել ալկոհոլային թունավորումը:  Ուայնհաուսի յուրօրինակ ձեռագիրն ու հիթերը, սակայն, կապրեն դեռ երկար տարիներ:

Այսօր ներկայացնում ենք երգչուհու հայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Ես ամեն օր եմ սիրահարվում, բայց ոչ թե մարդկանց, այլ իրավիճակիներին»:

«Կյանքը կարճ է, ամեն ինչ էլ կարող է պատահել, ու սովորաբար հենց այդպես էլ լինում է: Դրա համար ժամանակ չկա նստել ու մտածել բոլոր «եթե»-ների, «իսկ»-երի ու «բայց»-երի մասին»:

«Ամեն վատ իրավիճակ առիթ է դառնում ստեղծելու որեւէ երգ»:

«Ես երաժիշտ եմ, այդ պատճառով էլ ես այնքան էլ լավ չեմ կարողանում լուսանկարվել, ինչպես մոդելները»:

«Իմաստ չեմ գտնում ճշմարտության փոխարեն այլ բաներ խոսելու մեջ»:

«Չէի ասի, թե ֆեմինիստ եմ, բայց տանել չեմ կարողանում այն աղջիկներին, որոնք ձեւացնում են, թե հիմար են, միայն որովհետեւ այդպես ավելի հեշտ է»:

«16 տարեկանից զգում եմ, որ սեւ ամպեր են կուտակվել գլխիս վրա»:

«Ես ամենաերջանիկն եմ լինում, երբ ընտանիքս կողքիս է»:

«Այո, ես իսկապես տառապում եմ դեպրեսիայով, բայց կարծում եմ՝ դա զարմանալի չէ, շատ մարդիկ են տառապում դրանով»:

«Ես միշտ գրում եմ այն երեւույթների մասին, որոնք զգացել եմ, որոնց միջով անցել եմ: Երբ դրանք վերածում եմ երգի ու երգում, ինձ ավելի հանգիստ եմ զգում»:



© NEWS.am STYLE