Էռնա Միրն ու Սյուզաննա Մելքոնյանը պարգեւատրվեցին «Նոր Ալիք» մրցույթի գալա համերգի ժամանակ

22:13   14 սեպտեմբերի, 2017

Սոչիում այս պահին տեղի է ունենում «Նոր Ալիք 2017» մրցույթի գալա համերգը, որի ընթացքում աստղային ելույթները կազդարարեն այս տարվա մրցույթի փակումը: Մինչ համերգային ծրագրի մեկնարկը՝ կայացավ մասնակիցների պարգեւատրման արարողությունը:

Այսպիսով, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին այս տարի արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչ Ռուստեմ Ժուգունոսովը, որը մրցանակն ստանալուց անմիջապես հետո հենց բեմի վրայից ամուսնության առաջարկություն արեց սիրելիին: Վերջինը, իհարկե, պատասխանեց «Այո» :)

Այնուհետեւ կայացավ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների պարգեւատրման արարողությունը: Երրորդ մրցանակը ստացավ Վիետնամի ներկայացուցիչը, դե իսկ երկրորդն, ինչպես գիտեք՝ Հայաստանի ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանինն է, որն իր մրցանակը նվիրեց հորը:

«Հայրս հիմա ինձանից շատ հեռու է. ես նրան շատ եմ սիրում»,-նշեց երգչուհին:

Իսկ հետո կայացավ մրցույթի առաջատարների պարգեւատրումը: Այս տարի նրանք երեքն են՝ Հայաստանը ներկայացնող Էռնա Միրն առաջին հորիզոնականը կիսեց Ուզբեկստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, Էռնային մրցանակը հանձնեց Իգոր Կրուտոյը՝ հավելելով, որ հայուհին մրցույթի ամենատաղանդավոր մասնակիցներից մեկն է:

«Շնորհակալ եմ իմ երկրին, որը փոքրիկ է, բայց ուժեց, շնորհակալ եմ ընտանիքիս, Սոչիին եւ բոլոր նրանց, ովքեր ինձ երկրպագում էին»,-մրցանակը ստանալիս նշեց Էռնան:



© NEWS.am STYLE