«Հոգնել եմ հայր լինելուց, երեխաներս ստիպում են ամբողջ օրը լաց լինել». Ջորջ Քլունի

14:36   15 սեպտեմբերի, 2017

Ջորջ Քլունիի մոտ հումորի հարցում ամեն ինչ կարգին է: 56-ամյա դերասանը ներկայում մասնակցում է Տորոնտոյի կինոփառատոնին, որտեղ ներկայացնում է իր Suburbicon ֆիլմը՝ Մեթ Դեյմոնի եւ Ջուլիանա Մուրի գլխավոր դերակատարմամբ:

Աստղը նաեւ հարցազրույց տալու ժամանակ է գտել՝ խոսելով հայր լինելու մասին:


«Երեխաներս առանձնապես լաց չեն լինում: Ես ավելի շատ եմ լաց լինում, քան նրանք: Ես ամբողջ օրը լաց եմ լինում, քանի որ սարսափելի հոգնել եմ: Երբեմն մտածում եմ, որ ամուրի լինելն ավելի լավ է, բայց իմ կյանքը փոխվել է,- հեգնանքով ասել է Քլունին:- Եվ դեպի լավը»:

Դերասանը հավելել է, որ չէր պատկերացնում, թե ինչպիսին կլինի ամուսնական կյանքն Ամալի հետ:

«Կարծում էի՝ գիտեմ, թե մեզ ինչ է սպասվում, հատկապես, երբ մտածում էի երեխաների մասին: Ես 20 երեխայի կնքահայր եմ՝ իմ ընկերների երեխաների: Բայց չէի մտածում, որ երկվորյակների հետ կրկնակի դժվար է: Ինձ նույնիսկ թվում է, որ նրանք թքած ունեն այն բանի վրա՝  արդյոք ես գոյություն ունե՞մ: Նրանք միայն ուտում եւ քնում են: Բայց ես շատ բան չեմ անում, քանի որ Ամալն ամեն ինչ իր ձեռքն է վերցրել: Ես 56 տարեկան եմ եւ չէի կարծում, որ դա տեղի կունենա ինձ հետ: Կարծում էի, որ իմ կյանքը կապված է միայն կարիերայի հետ, ոչ թե անձնական կյանքի: Բայց հետո հանդիպեցի Ամալին, եւ ահա արդյունքը»,- հայտարարել է Քլունին:



© NEWS.am STYLE