Եվգենի Պլյուշչենկոն եւ Յանա Ռուդկովսկայան ութ տարվա ամուսնությունից հետո գաղտնի պսակադրվել են

16:50   15 սեպտեմբերի, 2017

Այսօր առավոտյան Մոսկվայում տեղի է ունեցել ռուսական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգի՝ 32-ամյա գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի, եւ 42-ամյա պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի պսակադրության արարողությունը, հաղորդում է  «Сплетник»-ը:

Ամուսիններն ութ տարվա համատեղ կյանքից հետո գաղտնի արարողություն են կազմակերպել մոսկովյան տաճարներից մեկում:


Արարողությունից լուսանկարներ դեռեւս չկան, բայց արդեն հայտնի է, թե ինչ զգեստ է ընտրել Ռուդովսկայան: Բաց վարդագույն հարսանեկան զգեստն աստղի համար ստեղծել է Dior Haute Couture-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին:


Միակ բանը, որ ցուցադրել են Յանան եւ Եվգենին, իրենց 4-ամյա որդու՝ Ալեքսանդր Պլյուշչենկոյի նկարն է: Պրոդյուսերը լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում:

«Այսօր բարի եւ հուզիչ առավոտ է: P.S. Կոշիկի չափսը հարմար չէ, բայց դա նույնպես հուզիչ է»,- նկարը մակագրել է Ռուդկովսկայան:

Պսակադրության արարողությանը ներկա են եղել զույգի հարազատներն ու մտերիմ ընկերները: Ամուսինները եկեղեցուց անմիջապես ռեստորան են գնացել: Այստեղ արդեն Յանան այլ զգեստով է եղել:



© NEWS.am STYLE