Հատուկ ընդունելություն՝ Oriflame Fashion Weekend ամենասպասված ցուցադրությանն ընդառաջ

17:11   15 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 14-ին Oriflame Fashion Weekend նորաձևության և գեղեցկության ամենամյա մասշտաբային ցուցադրություններին ընդառաջ կայացավ հատուկ ընդունելություն նախագծին մասնակցող դիզայներ-մոդելավորողների, նորաձևության բլոգերների, գործարար ոլորտի և ԶԼՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:    

Միջոցառման սկզբում  հյուրերին ողջունեց «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն  Նաիրա Մարգարյանը և ներկայացրեց Oriflame Fashion Weekend նախագծի ստեղծման շարժառիթը և նպատակները.

«15 տարի աշխատելով հայաստանյան շուկայում՝ վստահ ենք, որ այստեղ բնակվող և աշխատող մարդիկ ունեն շատ մեծ ստեղծարար ներուժ, ուստի որոշեցինք հիմնել հարթակ, որն արդեն 4 տարի շարունակ հնարավորություն է տալիս Հայաստանի նորաձևության ոլորտին երկխոսություն ունենալ հանրության հետ: Oriflame Fashion Weekend-ն այս տարի ունի ռեկորդային թվով մասնակիցներ՝ հայազգի 30 ճանաչված և սկսնակ դիզայներ-մոդելավորողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս»:

Նաիրա Մարգարյանը հավելեց, որ  Oriflame Fashion Weekend նախագծի միջոցով նպատակ ունեն  նպաստել հայկական նորաձևության զարգացմանը՝ աջակցելով նաև տաղանդավոր սկսնակ դիզայներներին, հնարավորություն տալ նրանց հետևել իրենց երազանքին: Արդեն 2-րդ տարին է ընկերությունը սկսնակ դիզայներներին ոչ միայն տրամադրում է հարթակ՝ ցուցադրելու իրենց հավաքածուները հանրության լայն շրջանակներում, այլև սահմանել է հատուկ մրցանակ հաղթողի համար: Հաղթողը կորոշվի քվեարկության արդյունքում:

«Մենք լիահույս ենք, որ այս հաղթանակը կարող է դառնալ իրենց մեծ ճանապարհի սկիզբը: Անցյալ տարվա մրցանակակիրը ճանապարհորդեց Փարիզ և մասնակցեց փարիզյան նորաձևության ցուցադրությանը: Մենք ուրախ ենք, որ հարթակ ենք հանդիսանում դիզայներների համար իրենց ստեղծագործական միտքը ներկայացնելու, նորաձևության ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շաբաթներին մասնակցելու և ամբողջ աշխարհին ներկայանալու համար»-, նշեց Նաիրա Մարգարյանը:

«Օրիֆլեյմ Հայաստան» շվեդական ապրանքանիշի պատկերացմամբ՝ գեղեցկությունը կենսակերպ է: Հավատարիմ մնալով այս դիրքորոշմանը՝ ընկերությունը կազմակերպում է նորաձևության ամենամյա տոն: Այս տարի Oriflame Fashion Weekend-ը անցկացվելու է սեպտեմբերի 16-17-ին, մայրաքաղաքի պատմամշակութային նշանակության վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում:

Երկօրյա ցուցադրություններին իրենց հավաքածուներն են ներկայացնելու նաև հատուկ այս միջոցառման համար Հայաստան ժամանած հագուստի հայազգի դիզայներ-մոդելավորողներ Արմինե Օհանյանը Ֆրանսիայից և Վիգէն Տէրտէրեանն ԱՄՆ-ից:



© NEWS.am STYLE