Երեւանյան ազդ. ուր գնալ, ինչ դիտել եւ ինչ լսել այս շաբաթ

11:02   18 սեպտեմբերի, 2017

Երեւանում հաճելի աշուն է, եւ երեկոյան ինչ-որ հանգիստ վայրում կարելի է նստել եւ հաճելի երաժշտության ներքո կոկտեյլ խմել: Բարեբախտաբար՝ մեր մայրաքաղաքում նման վայրերը քիչ չեն:

Սեպտեմբերի 18-ին ժամը 20:00-ից մինչեւ 22:30 Գաֆեսճյան Արվեստի կենտրոնի վերին հարթակում տեղի կունենա ավանդական դարձած 14-րդ միջոցառումը՝ նվիրված Աստղագիտության օրվան եւ աստղագետ Վիկտոր Համբարձումյանին: Միջոցառման ընթացքում այցելուներին կպատմեն հայ աստղագետի գործունեության մասին, իսկ ցանկացողները կկարողանան աստղաշատ երկինքն ուսումնասիրել պրոֆեսիոնալ աստղադիտակով:

Սեպտեմբերի 20-ին Kami ակումբը հրավիրում է լսելու Kami Friends Project-ի անդամներին: Սկիզբը՝ 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ:

Ի դեպ՝ ակումբից ոչ հեռու, բայց 2 ժամ ավելի վաղ՝ 19:00-ին, Աբովյան#13 հասցեում որպես մայրաքաղաքին նվեր եւ ի հիշատակ Փարաջանովի կտեղադրվի «Արտասվող Ջոկոնդան» կոմպոզիցիան: Միջոցառումը կազմակերպել են քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը:

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվավազք՝ Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում:

Նույն օրը ժամը 21:00-ին Stop ակումբում ռոք երեկո է՝ The doors-ի, The Rolling stones-ի, LED Zeppelin-ի, Deep purple-ի, Jimi Hendrix-ի հիթերի ներքո: Այնպես որ, եթե չեք ուզում ժամանակ անցկացնել Հանրապետության հրապարակում, կարող եք գնալ եւ ունկնդրել լեգենդար խմբերի լեգենդար հիթերը:

Սեպտեմբերի 24-ին 20:00-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա «Միսս Հայաստան» մրցույթը: Տոմսերն արժեն 3.000-5.000 դրամ:  Գեղեցկուհու տիտղոսի համար կպայքարեն 24 գեղեցկուհիներ Հայաստանից եւ Սփյուռքից: Մրցույթի ծրագրում ներառված են ազգային տարազներ, լողազգեստներ եւ երեկոյան զգեստներ: Շոուի ընթացքում իրենց երգերը կկատարեն Հայկոն, Իվետա Մուկուչյանը, Սեւակ Խանաղյանը եւ արտիստներ:



© NEWS.am STYLE