«Կյանքս էլ է այդպիսին՝ միստիկ եւ խառը». Անուշկա Մարգարյան

14:36   18 սեպտեմբերի, 2017

«Կինոյի մասին» խորագրի շրջանակներում շարունակում ենք բացահայտել հայ հայտնիների նախասիրությունները, նրանց նախընտրած ժանրերը, սիրելի դերասաններին եւ ռեժիսորներին:

NEWS.am STYLE-ի այսօրվա զրուցակիցը սերիալներից հայտնի դերասանուհի Անուշկա Մարգարյանն է, որը ֆիլմերում հիմնականում հանդես է գալիս բացասական կերպարներով, իսկ իրականում պարզել ենք, թե ինչպիսի կերպարների է ցանկանում մարմնավորել նա.

«Սիրում եմ դիտել միստիկ ֆիլմեր, որտեղ ոչինչ պարզ չէ, ամեն ինչ խառն է ու չես պատկերացնում, թե ինչ կլինի վերջում: Կյանքս էլ է այդպիսին՝ միստիկ եւ խառը (ծիծաղում է): Այդպիսի ոճի կերպարի էլ կցանկանայի մարմնավորել»,-ասում է դերասանուհին՝ բացահայտելով նաեւ իր ամենասիրելի դերասանի անունը: Անուշկան, սակայն, դժվարացավ առանձնացնել որեւէ նախընտրած ռեժիսորի.

«Դերասաններից սիրում եմ Ջեյմս Սփայդերին: Նա հրաշալի դերասան է: Անսահման մեծ հաճույքով եմ դիտում նրա կերտած կերպարները:

Չէի ցանկանա որեւէ ռեժիսորի առանձնացնել: Իրականում կարծում եմ՝ ցանկացած դերասանի համար էլ կարեւոր է աշխատել պրոֆեսիոնալ, ճանաչված, ճաշակով եւ կիրթ ռեժիսորների հետ: Իհարկե, հոլիվուդյան ռեժիսորների հետ աշխատելը մեծ պատիվ կլիներ, բայց ուզում եմ շեշտել, որ այսօր Հայաստանում էլ կան շատ պրոֆեսիոնալ ռեժիսորներ, որոնց հետ աշխատելը եւս հետաքրքիր փորձ կլիներ ինձ համար»:

Իսկ վերջում Անուշկային խնդրեցինք առանձնացնել իր 5 ամենասիրելի ֆիլմերը, որոնք էլ նա խորհուրդ տվեց դիտել մեր ընթերցողներին:

«Կառանձնացնեի «Զոլավոր գիշերազգեստով տղան»/ The Boy in the Striped Pyjamas, «Forrest Gump», «Café de Flore», «Կանաչ մղոն»/ The Green Mile, «Իդեալական անծանոթները»/Perfetti Sconosciuti ֆիլմերը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE