Oriflame Fashion Weekend 2017. երբ գեղեցիկը դառնում է հասանելի բոլորին

17:10   18 սեպտեմբերի, 2017

Երկու օր շարունակ՝ սեպտեմբերի 16-ին և 17-ին, մայրաքաղաքի խորհրդանշական վայրերից մեկը՝ Երևանի երկաթուղային կայարանը, վերածվել էր նորաձևության և գեղեցկության շքեղ հարթակի: Ամենամյա խոշորագույն և արդեն ավանդույթ դարձած «Oriflame Fashion Weekend» նախագիծը միավորել էր հայազգի 30 ճանաչված և սկսնակ դիզայներ-մոդելավորողներին, ովքեր հանրությանը ներկայացրեցին իրենց նոր հավաքածուները:

Երկօրյա շոու-ցուցադրություններին մասնակցում էին հիմնադիր դիզայներ-մոդելավորողներ Վահան Խաչատրյանը, Արամ Նիկոլյանը, Գևորգ Շադոյանը, Ֆաինա Հարությունյանը, Արևիկ Սիմոնյանը, Միկա Դանիելյանը, հայազգի ճանաչված դիզայներներ Վիգէն Տէրտէրեանը ԱՄՆ-ից և Արմինե Օհանյանը Ֆրանսիայից:

«Օրիֆլեյմ շվեդական ապրանքանիշի պատկերացմամբ գեղեցկությունը կենսակերպ է: Հավատարիմ մնալով մեր դիրքորոշմանը՝ ձգտում ենք գեղեցիկը դարձնել հասանելի բոլորի համար: Ուրախ ենք, որ հանդիսանում ենք նորաձևության այսպիսի գեղեցիկ հարթակի հիմնադիրը: Oriflame Fashion Weekend նախագծի միջոցով փորձում ենք նպաստել հայկական նորաձևության զարգացմանը՝ աջակցելով նաև տաղանդավոր սկսնակ դիզայներներին  կատարել իրենց առաջին քայլերը, գնալ իրենց երազանքի հետքերով և փայլել նորաձևության ոլորտում»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը:

Արդեն երկրորդ տարին է` «Oriflame Fashion Weekend» նախագիծն ունի նաև մրցութային մաս, որին մասնակցում են սկսնակ դիզայներներ: Իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորությունից բացի, նրանցից լավագույնի համար սահմանված է հատուկ մրցանակ՝ Oriflame Fashion Award:

Շոու-ցուցադրությունների ավարտին հայտարարվեցին Oriflame Fashion Weekend 2017-ի մրցութային մասի հաղթող դիզայներների անունները:

«Օրիֆլեյմ» շվեդական ընկերության ղեկավարության կողմից Oriflame Fashion Award մրցանակը շնորհվեց սկսնակ դիզայներ Վարդուհի Բարսեղյանին «Վիկտորիանական սիմվոլիզմ» տղամարդկանց հավաքածուի համար՝ որպես մրցանակ հանձնելով 1000 եվրո և ընձեռելով հնարավորություն շարունակելու իր աշխատանքը, ստեղծելու նոր գործեր:

«Օրիֆլեյմ» ընկերության պաշտոնական կայքում հայտարարած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ երկրորդ մրցանակակիրը սկսնակ դիզայներ Հակոբ Շահինյանն է Սիրիայից իր՝ «Սաշա» հավաքածուի երկրորդ մասով: «Օրիֆլեյմ» ընկերությունը Հակոբ Շահինյանին կաջակցի իր հաջորդ շոու-ցուցադրության կամ ֆոտոսեսիայի մոդելների կերպարների ստեղծման հարցում:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը վստահել են ինձ: Ինձ շատ են աջակցել իմ ընկերները, ինչպես Երևանից, այնպես էլ Սիրիայից: Շատ ուրախ եմ հաղթանակիս համար, բայց առավել շատ հպարտ եմ, որ հավաքածուներս ներկայացրել եմ հայտնի դիզայներների հավաքածուների հետ նույն հարթակում: Oriflame Fashion Weekend-ը ինձ համար նշանակալի իրադարձություն էր, ինչի համար շնորհակալ եմ «Օրիֆլեյմ Հայաստան» ընկերությանն ընձեռած հնարավորության համար»,- NEWS.am STYLE-ին իր տպավորություններով կիսվեց Հակոբ Շահինյանը:

Զրուցեցինք նաև Oriflame Fashion Award-ի մրցանակիր Վարդուհի Բարսեղյանի հետ. «Հավաքածուս անվանել եմ «Վիկտորիանական  սիմվոլիզմ»: Այն ստեղծել եմ 3 ամսում՝ ոգեշնչվելով վիկտորիանական շրջանի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոզեթիի նկարներով, և այդ շրջանում եղած ձեռագործության՝ մաքրամե տեսակի նմուշներից: Ուշադիր նայելով՝ կնկատեք, որ զգեստներից բացի, հեղինակել եմ նաև տղամարդկանց կոշիկները: Կոշիկների վրա նույնպես մաքրամեի  հատվածներ, ինչպես նաև փայտից դետալներ կան, որոնք շատ դժվար է կիրառել»:

Վարդուհի Բարսեղյանը հավելեց, որ հաղթելու մեծ ցանկություն ուներ, Oriflame Fashion Weekend-ի շնորհիվ իր երազանքն արդեն իրականություն է:



© NEWS.am STYLE