Ռայան Ֆիլիպի նախկին ընկերուհին նրան մեղադրում է ընտանեկան բռնության եւ թմրանյութեր օգտագործելու մեջ

17:05   19 սեպտեմբերի, 2017

«Հրաձիգը» սերիալի աստղ Ռայան Ֆիլիպի նախկին ընկերուհին՝ մոդել Էլսի Հյուիթը, դերասանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ նրան մեղադրելով ընտանեկան բռնության մեջ, գրում է TMZ-ը:

Աղջիկը պնդում է, որ 43-ամյա Ռայանը, թմրանյութերի ազդեցության տակ գտնվելով, ոտքերով հարվածել է իրեն: Միջադեպը տեղի ունեցել հուլիսին, իսկ հիմա 21-ամյա Էլսին դատարան է դիմել եւ մեկ միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում:


Հայցում նշվում է, որ վիճաբանության ժամանակ 43-ամյա Ռայանը ծեծել է մոդելին:
«Երբ Հյուիթը փորձել է բարձրանալ աստիճաններով՝ իր իրերը հավաքելու համար, Ֆիլիպը բռնել է նրան, հարվածել, անկյուն է քշել եւ սկսել է ոտքերով հարվածել»,- ասված է փաստաթղթում:

Էլսի Հյուիթը հայցին ապացույցներ է կցել. լուսանկարներ, որոնցում նրա մարմնի վրա կապտուկներ են երեւում: Կադրերը ոստիկաններն են արել, որոնց աղջիկը զանգահարել է վիճաբանությունից հետո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 1999-2007 թվականներին, Ռայան Ֆիլիպն ամուսնացած էր Ռիզ Ուիզերսփունի հետ: Նրանք երկու երեխա ունեն. դուստրը՝ Ավան եւ որդին՝ Դիկոնը: Ռայանը նաեւ դուստր ունի (Քեյ) նախկին սիրելիից՝ Ալեքսիս Քնափից, իսկ Հյուիթի հետ հարաբերություններից առաջ նշանված էր Պաուլինա Սլեյջթերի հետ:



© NEWS.am STYLE