Միշել Լեգրանն ու Օրնելլա Մուտին՝ Հայաստանի մասին (ֆոտո/վիդեո)

21:10   19 սեպտեմբերի, 2017

«Երբ փոքր էի, պապիկս միշտ պատմում էր իմ Հայրենիքի մասին, եւ հիմա ես այստեղ եմ՝ Հայաստանում»,-այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանը:

Նա կարոտով է հիշում իր պապի հետ անցկացրած տարիները.

«Ցավոք, ես շատ քիչ եմ ապրել պապիկիս հետ: Տասը տարեկան էի, երբ նա մահացավ, բայց հիշում եմ, որ միշտ խոսում էր իր գյուղի, իր ընտանիքի մասին, որը մասնատվեց, քայքայվեց: Նա միշտ ներկա է եղել իմ մանկության մեջ: Նա երաժիշտ էր, ուդ էր նվագում»,- ասաց Լեգրանը:

Նրա կողքին ժպիտով կանգնած Օրնելլա Մուտին էլ նշեց, որ երջանիկ է արդեն երկրորդ անգամ Երեւանում լինել.

«Սիրում եմ Հայաստանը, սիրում եմ հայերին: Ես շատ հայ ընկերներ ունեմ, նրանցից մեկն էլ Արթուր Ազադյանն է, որն ինձ հրավիրել է այս հրաշալի համերգին»,-ասաց հայտնի դերասանուհին՝ ընդգծելով, որ հատկապես հայ կանանց է հավանում. «Կարծում եմ՝ կանայք այստեղ հիասքանչ են»:

Մուտին ափսոսանքով նշեց, որ կարճ ժամանակով է եկել եւ չի հասցրել Հայաստանի մասին նոր բաներ բացահայտել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE