Սոֆի Լորենն 83 տարեկան է դառնում

16:14   20 սեպտեմբերի, 2017

Այսօր ծննդյան 83-րդ տարեդարձն է տոնում լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը:


Լայնեզր գլխարկով կնոջն անհնար է մոռանալ

14 տարեկանում կարիերան սկսելով գեղեցկության մրցույթներից՝ նա նախ մոդել դարձավ, իսկ հետո՝ դերասանուհի: Նա մի քանի հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր է, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս»-ի հնգակի մրցանակակիր: Սոֆին նաեւ «Օսկար» է ստացել՝ «հիշարժան դերերով հարուստ կարիերայի համար, որոնք փայլ են հաղորդել կինեմատոգրաֆիային»:

Երիտասարդության աղբյուր գոյություն ունի. դա ձեր խելքն է, տաղանդը, ստեղծագործությունը, որ բերում եք ձեր եւ ձեր սիրելիների կյանք: Երբ սովորեք խմել այդ աղբյուրից, իսկապես կհաղթեք տարիքին:
Սոֆի Լորենը միանգամայն արդարացի կարծում է, որ յուրաքանչյուր կին կերպարանափոխվում է, երբ քայլում է այնպես, կարծես ամբողջ աշխարհն իրեն է պատկանում. հպարտ եւ սահուն: Կանոնավոր ֆիզիկական վարժություններն օգնում են ավելի ճկուն եւ նրբագեղ դառնալ:


Երբ կանոնավորապես մարզվում ես, հպարտ եւ սահուն ես քայլում, կարծես ամբողջ փողոցը քոնն է:
Լորենի կենսագրության մեջ մի քանի հետաքրքիր փաստ կա:

Դերասանուհու իսկական անունն է Սոֆիա Վիլլանի Շիկոլոնե: Երբ նա մասնակցել է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթին, ժյուրին հատուկ նրա համար «Միսս Նրբագեղություն» մրցանակ է հիմնել: Նման մրցույթներից մեկի ժամանակ նա ծանոթացել է պրոդյուսեր Կարլո Պոնտիի հետ: Նա ամուսնացած էր, բայց այնպես է սիրահարվում Սոֆիին, որ Մեքսիկայում գաղտնի ամուսնանում է նրա հետ: Ավելի ուշ, երբ Վատիկանը, ամեն դեպքում, հաստատում է Պոնտիի ապահարզանը (նա կաթոլիկ էր), պրոդյուսերը երկրորդ անգամ է ամուսնանում սիրելիի հետ: Ավելի ուշ Լորենը համաշխարհային հռչակ է ձեռք բերում եւ հոլիվուդյան դերասանուհի դառնում: Նրան հաջողվել է նկարահանվել Հոլիվուդի գրեթե բոլոր հայտնի դերասանների եւ սեքս-խորհրդանիշերի հետ, այդ թվում՝ Փոլ Նյումանի, Մարլոն Բրանդոյի, Փիթեր Օ՛Թուլի եւ այլ աստղերի:


Ես հաճախ եմ ժամանակ անցկացնում հեռուստացույցի առջեւ, եւ եթե իմ մասնակցությամբ ֆիլմ են ցուցադրում, անպայման դիտում եմ: Հիշում եմ, թե ինչպես ենք նկարել, որքան ժամանակ ենք անցկացրել նկարահանումների համար: Հիմա կինոյում բոլորովին այլ կերպ են խաղում... Եվ գիտեք, անկեղծ ասած, շատ եմ սիրում իմ ֆիլմերը: Իմ կարծիքով՝ լավ էի խաղում: Եվ հիմա շատ եմ ուրախանում, երբ ինձ տեսնում եմ էկրանին:

2014 թվականին Սոֆի Լորենը Damiani-ի զարդերի հավաքածուի դեմքն է եղել: Իսկ 2015 թվականին պայմանագիր է կնքել Dolce & Gabbana-ի հետ եւ ներկայացրել ապրանքանիշի նոր շրթներկը:


Յուրաքանչյուր կին, նստելով հայելու առջեւ, նկարիչ է դառնում եւ մխրճվում է արվեստի աշխարհը: Ավելի ճիշտ՝ հնարավորություն է ստանում:

Դերասանուհին էկրաններին չի հայտնվում 2009 թվականից: Այդ ժամանակ նա նկարահանվել է «Ինը» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհիներից մեկի մորը: Ժապավենում նրա խաղընկերուհիներն են եղել Նիքոլ Քիդմանը, Մարիոն Կոտիյարը, Պենելոպե Քրուսը եւ Քեյթ Հադսոնը:



© NEWS.am STYLE