«Կարող ես հերոս դառնալ՝ հրաժարվելով բնական մորթուց». Պամելա Անդերսոնը՝ Քիմ Քարդաշյանին

15:40   20 սեպտեմբերի, 2017

Պամելա Անդերսոնը հյուրընկալվել է Good Morning Britain շոուին, որի ընթացքում պատմել է Քիմ Քարդաշյանին գրած նամակի մասին:

Անցյալ շաբաթ դերասանուհին, որը հայտնի է կենդանիների իրավունքների պաշտպանությանն ուղղված ակտիվ պայքարով, նամակ է գրել Քիմին՝ հայուհուն խնդրելով հրաժարվել բնական մորթուց իրերից:

«Ես սիրում եմ քեզ, Քիմ, դու գիտես դա: Մենք հանդիպել ենք Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում, եւ մենք արդեն քանի տարի ընկերներ ենք: Դու մեծ եւ բարի սիրտ ունես, կարող ես կարեկցանք դրսեւորել կենդանիների նկատմամբ եւ այս ձմռանը բնական մորթուց իրեր չհագնել: Դու կսարսափեիր՝ իմանալով, թե ինչ են անում կենդանիների հետ, որպեսզի մորթին նորաձեւության մաս դառնա: Քիմ, դու կարող ես հերոս դառնալ եւ փրկել բազմաթիվ կենդանիների կյանքը՝ հրաժարվելով բնական մորթուց»,- հաղորդման ժամանակ իր նամակից հատված է ընթերցել 50-ամյա Պամելան:


Նա նաեւ նշել է, որ նման կազմվածք ունի բուսակերության շնորհիվ: «Ես միս չեմ ուտում: Դա վատ է ինչպես ինձ համար, այնպես էլ բոլորի: Ես կտրուկ չեմ այդ հարցում, պարզապես ամեն ինչ անում եմ՝ իրավիճակը շտկելու համար»,- նշել է Պամելան, իսկ հետո վերադարձել Քիմի թեմային:

«Քիմը կարող է ազդել միլիոնավոր մարդկանց վրա: Ես նրան նամակ եմ գրել, բայց մինչեւ հիմա պատասխանի եմ սպասում»,- նշել է դերասանուհին՝ հավելելով, որ իր հետ հանդիպումից հետո Մելանյա Թրամփը նույնպես հրաժարվել է բնական մորթուց:



Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE