«Խոսք եմ տալիս՝ գալու եմ Հայաստանում ապրելու»․ Մարկո Խանն առաջին անգամ հայրենիքում է (ֆոտո/վիդեո)

16:50   20 սեպտեմբերի, 2017

«Այնպիսի զգացում ունեմ, ասես, տուն եմ եկել, շատ լավ եմ այստեղ ինձ զգում»,-ասում է Հոլիվուդում հայտնի հայ դերասան Մարկո Խանը, որն այս օրերին Հայաստանում է: «Կարիբյան ծովի ծովահանները», «Երկաթե մարդը», «Ճամբար X-Ray», «10 000 տարի մ․թ․ա․» եւ մի շարք այլ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի դերասանը երեկ Հայաստան ժամանած այլ հայտնիների՝ Օրնելլա Մուտիի եւ Միշել Լեգրանի հետ մասնակցել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցռմանը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարկոն խոսեց առաջին անգամ Հայաստանում լինելու եւ Դենզել Վաշինգթոնի հետ նոր նախագծում նկարահանվելու հնարավորության մասին․

«Սիրահարվել եմ Հայաստանին։ Դեռ շատ վայրերում չեմ եղել։ Երեկ եղել ենք Ծիծեռնակաբերդում։ Առաջին անգամ էի այնտեղ, շատ ծանր զգացողություն էր։ Չկարողացա ինձ զսպել, որովհետեւ այդքան մարդ զոհվել է հանուն մեր ազգի, հանուն մեր անվան»,-նշում է Մարկոն՝ հավելելով, որ շատ է հավանում այստեղի սնունդը։

«Ամեն ինչ բնական է։ Սովորական լոլիկով ձվածեղն անգամ այստեղ ավելի համեղ է»։

Ի դեպ, հոլիվուդյան դերասանը նաեւ նշեց, որ մեծ ցանկություն ունի հետագայում այստեղ բնակվելու.

«Խոսք եմ տալիս՝ գալու եմ Հայաստանում ապրելու։ Սա չեմ ասում, որ ինչ-որ մեկը լսի, զարմանա։ Կտեսնեք՝ այդպես էլ անելու եմ»։

Հայաստանում Մարկոն ծանոթացել է մի քանի դերասանի հետ, չի բացառում հետագայում նրանց հետ համագործակցությունը։ Սակայն մինչ այդ դերասանը վերադառնալու է Հոլիվուդ, որտեղ նկարահանման նոր առաջարկ է ստացել․

«Գալուցս մեկ շաբաթ առաջ փորձի էի։ Դենզել Վաշինգթոնի մասնակցությամբ նոր ֆիլմի համար էին այդ քասթինգները։ Թուրքի դեր պետք է խաղամ։ Երբ մենեջերիս զանգահարեցին եւ հարցրեցին, թե որն է իմ լեզուն, խնդրեցի նրանց ասել, որ Իրանում եմ ծնվել, եւ առաջին լեզուս պարսկերենն է, այլապես վստահ եմ՝ այդ գործը չեմ ստանա։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,-եզրափակեց դերասանը։

Մարկո Խանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Սյունե Առաքելյան

Օպերատոր՝ Արթուր Ղահրամանյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE