«Երջանիկ եմ, որ Երեւանում եմ ապրում». ՀԱՀ-ից շեֆ-խոհարարն աշխատում է Հայաստանում (ֆոտո)

13:06   22 սեպտեմբերի, 2017

Լորենցո Ֆլիթն անկրկնելի շեֆ-խոհարար է՝ արտասովոր հեղինակային խոհանոցով: Ավելի քան 15 տարի իր խոհարարական վարպետությունը կատարելագործել է Լոնդոնի, Դուբայի, Մոսկվայի, Մոզամբիկի եւ ՀԱՀ-ի լավագույն ռեստորաններում: Ծնունդով ՀԱՀ-ից է: Եվ ահա հայուհի կնոջ հետ Երեւան գալով՝ Լորենցոն որոշել է, որ ապրելու եւ աշխատելու է հենց այստեղ: Ճակատագրի կամոք կամ «ձգողականության ուժով» Լորենցո Ֆլիթին հրավիրում են Երեւանի Fish House ռեստորանում աշխատելու:

Լորենցոն ռեստորանի այցելուներին զարմացնում է հայկական իշխանով, սիգով կամ լոքոյով տարատեսակ ուտեստներով, արտասովոր համերով եւ մատուցմամբ: Խոհանոցում նրա գլխավոր կանոնը մաքրությունն ու կարգուկանոնն է: Այդ պատճառով ռեստորանում նա աշխատում է բոլորի աչքի առջեւ, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է տեսնել ուտեստի պատրաստման գործընթացը: Լորենցոյի կարծիքով՝ դա բարդ է խոհարարների համար, բայց այդ որակներն առաջին բանն են, որին ուշադրություն են դարձնում հաճախորդները: Լորենցո Ֆլիթը համաձայնեց հատուկ մեզ համար իշխան պատրաստել, իսկ այդ ընթացքում մենք զրուցեցինք նրա կարիերայի, Հայաստանի մայրաքաղաքում կյանքի եւ խոհանոցում իմպրովիզացիայի մասին:

Ո՞րն է Ձեր ամենասիրած հայկական ուտեստը:

Հայկական խոհանոցը շատ հարուստ է, ինչ-որ բանով նման է ե՛ւ եվրոպականին, ե՛ւ հարավաֆրիկյանին:

Շատ եմ սիրում հայկական արիշտան: Այն շատ «բաց» ուտեստ է, արիշտան կարելի է մատուցել զանազան սոուսներով, ձկան եւ մսի հետ:

Երկա՞ր ժամանակով եք Հայաստան փոխադրվել:

Այո, իհարկե: Երբ կնոջս հետ արձակուրդին Երեւան եկանք, անմիջապես մտքովս անցավ այստեղ մնալ: Արդյունքում այդպես էլ ստացվեց:

Ինձ շատ է դուր գալիս Երեւանը, մարդիկ անկեղծ են, այստեղ հարմարավետ է: Իրականում ես երջանիկ եմ ամենուր, ցանկացած քաղաքում եւ երկրում: Եվ հիմա ես երջանիկ եմ, որ Երեւանում եմ:

Ռեստորանում աշխատանքն ակնհայտ սթրես է: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում լավ տրամադրության մեջ լինել:

Իրականում ամեն ինչ շատ պարզ է. երբ սիրում ես աշխատանքդ, միշտ գոհ ես, որքան էլ ծանրաբեռնված լինես: Խոհանոցն ինձ համար աշխատավայր չէ, այլ ապրելաոճ:

Հեշտությա՞մբ եք ընդհանուր լեզու գտնում ձեր գործընկերների հետ, որոնց հետ կողք կողքի աշխատում եք նույն խոհանոցում:

Երբ սկսում ես ճանաչել մարդկանց, ավելի դյուրին է նրանց հետ աշխատել: Մեր խոհանոցում հաղորդակցման հետ կապված ոչ մի խնդիր չկա: Շփվում ենք անգլերեն, ռուսերեն եւ նույնիսկ հայերեն: Բոլորն էլ օգնում են միմյանց:

Ինչ եք կարծում, խոհարարի աշխատանքը ստեղծագործակա՞ն է, եւ արդյո՞ք յուրաքանչյուր մարդ կարող է այն հաղթահարել:

Կարծում եմ՝ պետք է բնածին հոտառություն եւ գեղեցիկի զգացողություն: Հարկավոր է հասկանալ մթերքների համադրությունը եւ կարողանալ դրանք գեղեցիկ մատուցել: Խոհարարի գործը միայն բաղադրատոմսին հետեւելն ու ռոբոտի նման պատրաստելը չէ: Հարկավոր է մշտապես նոր խոհարարական տեխնիկա յուրացնել, խաղալ տարբեր համեմունքների, բաղադրիչների եւ համերի հետ:

Ձեզ համար կարեւո՞ր է քննադատների կամ ռեստորանի այցելուների կարծիքը:

Չափազանց հարգում եմ ռեստորանային քննադատներին, բայց պետք է ասեմ, որ ինձ համար առաջին հերթին կարեւոր է հյուրերիս կարծիքը: Իմ թիմն աշխատում է, որպեսզի մեր ռեստորանի յուրաքանչյուր հաճախորդ եզակի գաստրոնոմիկ հաճույք ստանա: Ես հաճախ եմ ռեստորանի սրահ մտնում եւ շփվում հաճախորդների հետ, ուզում եմ հասկանալ, թե ինչն է նրանց դուր գալիս, ինչը՝ ոչ: Շեֆ-խոհարարի եւ հաճախորդի շփումը շատ կարեւոր է, այդպես մենք ավելի արագ ենք իմանում, արդյո՞ք խնդիրներ կան՝ կապված սննդի, մատուցման կամ սպասարկման հետ:

Ինչո՞ւմ է ձեր խոհանոցի հիմնական առանձնահատկությունը: Ինչո՞վ է այն տարբերվում այլ հաստատություններից:

Մթերքի որակը: Սա այն է, ինչի հարցում մենք հաստատ փորձեր չենք անում, միայն բարձրակարգ մթերքներ ենք պատվիրում: Եթե մոտենաք սառնարանին, նույնիսկ հոտ չեք զգա, քանի որ ձուկը միշտ չափազանց թարմ է: Մթերքը միայն տեղական է, միայն հայկական ձուկ ենք պատրաստում, այդ պատճառով կարող ենք վերահսկել ժամկետներն ու չափանիշները: Մեր հաստատությունը միակն է Երեւանում, որտեղ բաց խոհանոց կա: Հյուրը կարող է հետեւել խոհարարների աշխատանքին:

Շատերն են վարժվել սիգը կամ իշխանն ամբողջությամբ ուտել, քանի որ դա գեղեցիկ է: Իսկ ես փափկամիսն եմ պատրաստում եւ մատուցում եմ բանջարեղենից խավարտով, ձկնային չիփս եմ պատրաստում, նույնիսկ ձկան մսով տոլմա: Փաստորեն, մի քանի խոհանոց միախառնում եմ: Ընդհանուր առմամբ, եվրոպական ոճով եմ աշխատում, ավանդական բաղադրատոմսերն ավելի ժամանակակից եւ տեղական ձեւաչափով եմ մատուցում: Եվ, իհարկե, աշխատում եմ մատուցման ձեւի վրա:

Իրականում մեկ մարդը ոչինչ չի անում, կարեւոր է թիմը: Այդ դեպքում նոր եւ հետաքրքիր բաներ են ստացվում: Խոհարարություն եւ լավ սպասարկում. միայն այս տանդեմի շնորհիվ հաստատությունը կարող է հաջողության հասնել:

 

Մարգարիտա Ավագյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE