«Մեկ ամսվա համար չենք նկարել ֆիլմը, այլ 100 տարվա». «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը Երեւանում է

14:21   22 սեպտեմբերի, 2017

Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը Երեւանում է։ Սա նրա երկրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ նա մեր երկիր այցելել է չորս տարի առաջ՝ ֆիլմի համար ուսումնասիրություններ անելու նպատակով, իսկ այսօր արդեն ֆիլմն էկրաններին է։

«Խոստումի»  ռեժիսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ համեստություն չի անում եւ նշում է, որ իր ֆիլմը ստացված է համարում.

«Երբ ոչ հայ ռեժիսորների կամ հանդիսատեսի կողմից լսում եմ, որ երբեք չէին լսել Հայոց ցեղասպանության մասին եւ զարմանում են, որ ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան մինչ օրս չեն ճանաչել այն եւ որ Թուրքիայի կառավարությունը մերժում է ցեղասպանությունը, այս առումով, կարծում եմ, ֆիլմը հաջողված է։ Հիմնականում ֆիլմը դիտելուց հետո երկու կարծիք եմ լսել՝ մենք շատ քիչ գիտեինք Հայոց ցեղասպանության մասին եւ մենք չգիտեինք այդ մասին որեւէ բան։ Կարծում եմ՝ ֆիլմը որոշակի կրթական խնդիրներ է լուծում նաեւ այս առումով եւ, բացի այդ, մենք փորձում ենք ֆիլմի միջոցով ուշադրություն հրավիրել փախստականների խնդրին, որը մինչ օրս կա»,-ասաց ռեժիսորը։

Նա  նշեց, որ 20-րդ դարի ամենամեծ ոճրագործությունը դեռ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից եւ այդ պատճառով այսօր տեսնում ենք այն, ինչ կատարվում է  Սիրիայում եւ Մյանմայում։

«Մենք մեկ ամսվա համար չենք նկարել այս ֆիլմը, այլ 100 տարվա», -հայտարարեց նա։

Ասուլիսին ներկա՝ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր էրիկ էսրայելյանն էլ հատուկ ընդգծեց ֆիլմի սաունդթրեքի հեղինակ եւ կատարող Քրիս Քորնելի դերը։ Նշենք, որ Քորնելը ինքնասպանություն է գործել այս տարվա մայիսին։

«Ցավոք, նա այժմ մեզ հետ չէ. բայց ես շատ կցանկանամ, որ դուք բոլորդ իմանաք, թե նա որքան ոգեւորված էր, որ նա, չլինելով հայ, այդքան սրտացավ էր այս խնդրի հետ կապված։ Նա սիրտ ու հոգի է դրել իր երգի մեջ, նա դատապարտում էր ցեղասպանության մերժումը»։

Թերրի Ջորջը եւ էրիկ էսրայելյանն այսօր երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների հետ Երեւանում կմասնակցեն «Խոստումը» ֆիլմին նվիրված երաժշտական ներկայացման։

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE