«Նա ոճի խորհրդանիշ է ինձ համար». մոդել Էշլի Գրեմը՝ Քիմ Քարդաշյանի մասին

18:04   22 սեպտեմբերի, 2017

«Նա շքեղ է եւ սեքսուալ, ոճի իմ խորհրդանիշն է»,- US Magazine -ին տված հարցազրույցում 29-ամյա plus-size մոդել Էշլի Գրեմն այսպես է արտահայտվել Քիմ Քարդաշյանի մասին:


«Քիմ Քարդաշյանն իսկապես հիասքանչ է: Ինձ դուր է գալիս, որ նա միաժամանակ ե՛ւ շքեղ է, ե՛ւ սեքսուալ: Եվ դրա համար Քիմը ոչ մի հատուկ ջանք չի գործադրում: Նա ցուցադրում է իր մարմինը, բայց դա այնպես է անում, կարծես պարզապես վեր է կացել անկողնուց»,- հայտարարել է Էշլին՝ միաժամանակ հիշելով, թե ինչպես է ծանոթացել Քիմի հետ:


«Այս տարի Met Gala-ի ժամանակ Քիմը մոտեցավ ինձ եւ այնպես ողջունեց, կարծես մենք արդեն հարյուր տարի ծանոթ էինք: Մենք սկսեցինք զրուցել, իսկ հետո նա ինձ ասաց, որ ատամներիս արանքում սպանախ է մնացել»,- ծիծաղելով պատմել է Էշլին եւ կիսվել իր գեղեցկության գաղտնիքներով:

«Դուք պետք է ձեր սեփական մարմնում հարմարավետ զգաք: Այնպիսի հագուստ հագեք, որում ձեզ վստահ եք զգում: Մի մտածեք այն մասին, թե ինչ կասեն մարդիկ: Նորաձեւության մեջ կանոններ չկան: Ավագ դպրոցում ես երկար ժամանակ հետեւում էի նորաձեւությանը: Այդպես շարունակեցի մինչեւ 20 տարեկանը: Բայց ես մոռացա այդ կանոնների մասին, երբ ինքս նորաձեւության արդյունաբերության մաս դարձա»,- ասել է plus-size մոդելը:



© NEWS.am STYLE