Ոստիկանությունը կալանավորել է Քիմ Քարդաշյանի խանութի վրա հարձակված կնոջը

16:27   22 սեպտեմբերի, 2017

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոլիվուդում անհայտ կինը հարձակվել է Քիմ Քարդաշյանի DASH store խանութի վրա: Ընդ որում՝ մեկ օրում 2 անգամ: Ակնհայտորեն թմրանյութերի ազդեցության տակ լինելով՝ կինը խանութում է հայտնվել հինգշաբթի վաղ առավոտյան եւ ատրճանակն ուղղել գանձապահի վրա՝ բղավելով, որ Քարդաշյանները Կուբա գնալու իրավունք չունեն:

Դրանից հետո հեռացել է, սակայն մեկ ժամ անց վերադարձել է մաչետեով զինված եւ սկսել դրանով խանութի դռանը հարվածել:

Դեպքի վայր հասած լրագրողների խցիկների առաջ նա թափահարել է մաչետեն եւ բղավել. «Քարդաշյանները կմեռնեն: Նրանք կմեռնեն, եթե ոտք դնեն Կոմունիստական Կուբայի տարածք: Նրանց բոլորին կսպանեն»,- սպառնացել է նա Քարդաշյանների ընտանիքին:

Այնուհետեւ կինը հայտարարել է, որ ատրճանակ ունի, եւ որ իր ետեւից չարժի գնալ, ու փախել է:

TMZ-ը հայտնում է, որ ոստիկանությունը կալանավորել է կնոջը։ Նրա անունը Մարիա Մեդրանո է։ Ոստիկանությունը տեսախցիկների տեսագրությունների օգնությամբ պարզել է 35-ամայ կնոջ բնակության վայրը եւ այնտեղ 2 օդամղիչ ատրճանակ գտել։

Կնոջն ազատելու համար 50 հազար դոլար գրավ է սահմանված։



© NEWS.am STYLE