«Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալին Լիսաբոնում հիվանդանոց են տեղափոխել՝ սրտի փոխպատվաստման

14:07   23 սեպտեմբերի, 2017

«Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթող Սալվադոր Սոբրալին Լիսաբոնում հիվանդանոց են տեղափոխել, գրում է Wiwibloggs-ը: Երգիչը սրտի բնածին արատ ունի: Նրան հոսպիտալացրել են համերգից հետո: Երգիչը որոշ ժամանակով ստիպված կլինի հեռանալ բեմից եւ զբաղվել առողջությամբ:

Ըստ elmundo.es-ի՝ ներկայում արտիստը Լիսաբոնի Սանտա Քրուզ հիվանդանոցում է, որտեղ նրան սրտի փոխպատվաստում է սպասվում: Սալվադորին բուժհաստատություն են հասցրել ծանր վիճակում, սակայն, բժիշկների խոսքով, նրա վիճակը կայուն է, մի քանի օրգանների գործունեությունը կարգավորվում է հատուկ սարքավորումների միջոցով:

«Այստեղ մենք լիարժեք վերահսկում ենք նրա վիճակը: Մինչեւ Սալվադորը նոր սիրտ ստանա, նրան հանգիստ է հարկավոր, ծանրաբեռնվածությունը պետք է նվազագույնի հասցնել»,- ասել է բժիշկները:

Ավելին, մասնագետները երգչին դեռ երեք ամիս առաջ էին զգուշացրել, որ համերգների ժամանակ ծանրաբեռնվածության պատճառով կարող է հիվանդանոցում հայտնվել, եւ խորհուրդ էին տվել դադարեցնել ելույթները, հանգստանալ եւ վերականգնել առողջությունը: Սակայն «Եվրատեսիլ 2017» մրցույթում հաղթելուց հետո Սոբրալն ավելի շատ համերգներ է ունեցել, քան ամբողջ կարիերայի ընթացքում:



© NEWS.am STYLE