«Պլանավորում եմ ամուսնանալ եւ 5 զավակ ունենալ». «Միսս Արմենիա 2017»-ի մասնակից Թերեզա Մարտիրոսյան

13:05   25 սեպտեմբերի, 2017

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, կայացավ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը Երեւանից: Գեղեցկուհին թագի հետ միասին ստացավ Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթում ներկայացնելու հնարավորություն:

Ինչպես ցանկացած մրցույթից հետո, այս դեպքում եւս դրա շուրջ քննարկումները շարունակվում են, քանի որ համացանցի օգտատերերից շատերն ունեին իրենց ֆավորիտները: Ի դեպ, նրանց ցանկում էր նաեւ «Երրորդ Վիցե Միսս Արմենիա» մրցանակակիր, 26-ամյա մոդել Թերեզա Մարտիրոսյանը, որի հետ NEWS.am STYLE-ը հետաքրքիր զրույց ունեցավ մրցույթի ավարտից անմիջապես հետո:

«Շատ ուրախ եմ Լիլիի համար, յուրաքանչյուրի համար էլ ուրախ կլինեի: Լիլին, իհարկե, ֆավորիտների շարքում էր: Կարծում եմ՝ արժանի հաղթող է: Մի փոքր կաշկանդված է. հուսով եմ՝ ավելի ինքնավստահ կդառնա: Միայն դա է նրան պակասում, որովհետեւ արտաքնապես բավականին գեղեցիկ է, հայուհու կերպար ունի: Հուսով եմ՝ շատ լավ կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում եւ բոլորիս պատիվը բարձր կպահի»,-անդրադառնալով «Միսս Արմենիա» մրցույթի հաղթողին՝ նշեց Թերեզան՝ հավելելով, որ իր գրանցած հաջողության համար եւս շատ ուրախ է.

«Ուրախ եմ թե՛ «Երրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսի, թե՛ «Տաղանդ» անվանակարգում հաղթելու համար: Չէի մտածում, որ այդ մրցանակն ինձ բաժին կհասնի, քանի որ մասնակիցների մեջ շատ լավ բալետի պարուհի կար, (խոսքը Արմինե Մանուկյանի մասին է) եւ կարծում էի, թե նա կհաղթեր, այդ պատճառով էլ ինձ համար հանգիստ կանգնած էի բեմում (ծիծաղում է)»:

Մոդելն ասում է՝ մրցույթի արդյունքից հիասթափված չէ.

«Երկու օր առաջ ավելի շատ էի տրամադրված հաղթանակի: Հետո չգիտեմ՝ ինչ կատարվեց ինձ հետ, սկսեցի ավելի շատ մտածել լավ ելույթ ունենալու, մարդկանց տպավորելու մասին, որովհետեւ ինձ համար դա ավելի կարեւոր է»:

Խոսելով մրցակիցների մասին՝ Թերեզան նշում է.

«Մյուս մասնակիցներն էլ էին շատ լավը: Հենց սկզբից ունեինք շատ գեղեցիկ մասնակիցներ: Նրանց մոտ ամեն ինչ շատ լավ կլինի»:

Մոդելը նաեւ ավելացրեց, որ իր ապագան այլ կերպ է պատկերացնում՝ առանց գեղեցկության մրցույթների.

«Առաջին եւ վերջին տարին է, որ մասնակցեցի մրցույթին: Հետագայում բացարձակ այլ ոլորտում եմ մտածում գործունեություն ծավալել: Նաեւ պլանավորում եմ ամուսնանալ (ծիծաղում է): Այո, պլանավորում եմ ամուսնանալ եւ 5 զավակ ունենալ: Հուսով եմ՝ մոտ ապագայում այդ ամենը կիրականանա (ժպտում է)»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE