Exclusive. «Հայերը շատ գեղեցիկ եւ բարեհամբույր են». «Մերժվածը» սերիալի աստղ Նանդիշ Սանդուն՝ Վիրի կերպարի եւ Հայաստան գալու մասին

12:05   27 սեպտեմբերի, 2017

Բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալի հերոսների կյանքը շարունակում է մնալ հայ հեռուստադիտողների քննարկումների կիզակետում: Սերիալի յուրաքանչյուր դերասան ունի իր ֆան-ակումբը, սակայն առավել շատ երկրպագուները հետաքրքրված են գլխավոր հերոսների՝ Իչայի եւ Վիրի ճակատագրով: Այս շրջանում Վիրին մարմնավորող դերասան Նանդիշ Սանդուն չի նկարահասնվում հեռուստասերիալում, նրան այժմ փոխարինում է մեկ այլ հնդիկ դերասան՝ Վիկաս Բհալլան:

NEWS.am STYLE, սակայն, անակնկալ ունի Նանդիշի երկրպագուների համար, որոնք հաստատ այս շրջանում կարոտած կլինեն իրենց սիրելի աստղին: Մեզ հաջողվել է կապ հաստատել դերասանի հետ եւ զրուցել տարբեր  թեմաների շուրջ: Փորձեցինք նաեւ բացահայտել նրա անձնական կյանքը, սակայն գաղտանապահ դերասանը նախընտրեց պահպանել խորհրդավորությունը:)

Նանդիշ, ինչպես շատ դերասաններ՝ դու եւս քո կարիերան սկսել ես որպես մոդել: Հե՞շտ էր քո ուղին դեպի հնդկական կինո:

Ոչ մի արժեքավոր բան էլ կյանքում հեշտ չի տրվում: Կապ չունի, թե ինչ ոլորտում ես աշխատում, աշխատասիրությունը միշտ էլ հաղթում է: Շատ եմ պայքարել մինչեւ հասել եմ հաջողության:

Մի շարք ֆիլմերում ես նկարահանվել, սակայն Հայաստանում առավել հայտնի ես «Մերժվածը» հեռուստասերիալի Վիրի կերպարով: Ինչպե՞ս ստացար այդ դերը:

Այդ դերը ստանալու համար քասթինգների մի քանի փուլ եմ անցել: Վերջնական լսումներից հետո ինձ զանգահարեցին եւ ասացին, որ ընտրվել եմ այդ դերի համար:

Վիրը սիրված է հեռուստասերիալի երկրպագուների կողմից, քանի որ նա բարի է, խելացի, հմայիչԻնքդ ինչպե՞ս կբնութագրես այդ կերպարը: Ընդհանրություններ ունե՞ս Վիրի հետ:

Իմ դերասանական կարիերայի ընթացքում մի շարք կերպարների եմ մարմնավորել, եւ դեռ շատերին էլ պիտի մարմնավորեմ: Ինչ կերպար էլ որ խաղում ենք, մեզանից ինչ-որ բաներ դնում ենք դրա ստեղծման մեջ: Բայց դերասանը երբեք ամբողջությամբ չի կարող նման լինել իր կերտած հերոսին: Ահա, թե ինչումն է դերասանական հմտության գաղտնիքը:

Քո կերպարի մեջ եղե՞լ են այնպիսի գծեր, որոնք սցենարում փոխել եւ այլ կերպ ես ներկայացրել:

Շատ դեպքերում որոշ առաջարկներ եմ արել կամ այլ տարբերակներ եմ առաջարկել ռեժիսորին, իսկ նա շատ բարի է գտնվել եւ որոշակի փոփոխություններ է կատարել սցենարում, որպեսզի ինձանից ինչ-որ բան լինի կերպարի մեջ:

Քո մարմնավորած ո՞ր կերպարն ես համարում լավագույնը:

Ես միշտ սիրում եմ այն կերպարը, որը առաջիկայում պետք է մարմնավորեմ: Որքան հասունանում ու մեծանում ես, քո ընտրություններն էլ են փոխվում:

Նանդիշ, Հայաստանում շատ երկրպագուհիներ ունես, որոնք հետաքրքրված են ինչպես քո ստեղծագործական, այնպես էլ՝ անձնական կյանքով: Գիտեմ՝ չես սիրում խոսել անձնական թեմաներով, այնուամենայնիվ, կբացահայտե՞ս որոշ մանրամասներ՝ ամուսնացա՞ծ ես, կամ ընկերուհի ունե՞ս:

Իսկապես շատ եմ գնահատում նրանց սերն ու ուշադրությունն իմ անձի հանդեպ: Հմմ, լավ… Ասենք, թե սիրտս ազատ է, ինձ համար լավ թեկնածուներ ունե՞ս մտքումդ (ծիծաղում է):

Լավ, շեղվենք անձնական թեմաներից :) Նանդիշ, բոլիվուդյան շատ դերասաններ հաջողության են հասնում նաեւ Հոլիվուդում: Ամերիկյան կինոինդուստրիա մտնելու ցանկություն չունե՞ս:

Այո, իհարկե, մտքեր ունեմ եւ կցանկանայի աշխատել Հոլիվուդում:

Դու շատ ճանաչված ես Հայաստանում: Հետաքրքիր է՝ ի՞նչ գիտես մեր երկրի մասին:

Մի բան հաստատ գիտեմ՝ հայերը շատ գեղեցիկ եւ բարեհամբույր են: Հայաստանում մի շարք երկրպագուներ ունեմ, որոնց հետ, ի դեպ, կապ եմ պահում: Նրանք ինձ հաճախ նաեւ նվերներ են ուղարկում, եւ ես իսկապես շոյվում եմ նրանց այդ ուշադրությունից:

Ի դեպ, շշուկներ կան, որ ցանկանում ես մոտ ապագայում այցելել Հայաստան: Ե՞րբ ես մտածում այդ ծրագիրն իրագործել:

Ես իսկապես կցանկանայի շատ շուտով գալ Հայաստան: Պարզապես սպասում եմ մի քանի գործ ավարտեմ, մինչեւ գալս: Հենց պարզ լինի, թե երբ եմ գալու, անպայման կտեղեկացնեմ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE