«Մեծանալուց շատ-շատ եմ վախենում, չափից դուրս շատ». ինչպե՞ս է Իրինա Այվազյանը նշել 22-ամյակը

15:03   27 սեպտեմբերի, 2017

«Երանի» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Իրինա Այվազյանը երեկ՝ սեպտեմբերի 26-ին, նշում էր ծննդյան 22-ամյակը: Իրինան, որն այս շրջանում ուսում է ստանում Բուլղարիայում, հատուկ ծննդյան օրվա համար մեկնել էր Ռուսաստան՝ տոնական օրը մտերիմների հետ անցկացնելու նպատակով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երիտասարդ դերասանուհին պատմել է իր տարեդարձի մանրամասներից.

«Օրս շատ խառն է սկսվել. միանգամից մի քանի «առաջին» շնորհավորանք եմ ունեցել (ծիծաղում է): Տարեդարձիցս մի քանի ժամ առաջ Բուլղարիայից մեկնեցի Մոսկվա՝ տոնս մորաքրոջս ընտանիքի եւ հայրիկիս հետ նշելու նպատակով: Իսկ գլխավոր անակնկալն այն էր, որ Հայաստանում մայրս ու ընտանիքիս մյուս անդամներն ավելի մեծ շուքով էին նշում իմ տարեդարձն առանց ինձ (ծիծաղում է)»:

22-ամյա դերասանուհին չի կողմնորոշվում՝ սիրո՞ւմ է ծննդյան օրը, թե՞ ոչ, բայց մի բան հստակ է՝ չնայած երիտասարդ տարիքին՝ Իրինան վախենաում է մեծանալուց.

«Չեմ կարող միանշանակ պատասխանել հարցին, քանի որ եւ սիրում ծննդյանս օրերը, եւ ոչ.. Մեծանալուց շատ-շատ եմ վախենում, չափից դուրս շատ: Ընկերներս միշտ ծիծաղում են, երբ Alphaville խմբի Forever Young երգը լսելիս միշտ լացում եմ»:

Ինչ վերաբերում է ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք պահելուն՝ Իրինան ասում է.

«Շատ երազկոտ եմ, բայց երազանքներով չեմ ապրում: Դրա համար ամեն տարի մտքումս պահում եմ անպայման իրականացնել նպատակներս: Այս տարի էլ նույնն եմ պահել, եւ այնքան ժամանակ նույնը կլինի, մինչեւ զգամ, որ ամեն ինչ արդեն այնպես է, ինչպես ես եմ ուզում»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE