Լազերային էպիլյացիա. երազանք, որը հայուհիների համար իրականություն է դարձել

15:17   30 սեպտեմբերի, 2017

Մարմնի մազածածկույթից արագ եւ ընդմիշտ ազատվելը ցանկացած կնոջ երազանքն է: Ժամանակակից կինն ամեն տեսակի զոհաբերության պատրաստ է, որպեսզի համապատասխանի գեղեցկության համընդհանուր ընդունելի չափանիշներին: Եվ, ահա, երազանքն իրականություն է դառնում լազերային էպիլյացիայի շնորհիվ: Այսօրվա դրությամբ՝ սա միակ մեթոդն է, որն իսկապես թույլ է տալիս մարմնի վրա անցանկալի մազերի խնդիրն արմատապես լուծել երկարաժամկետ կամ ընդմիշտ: Առասպելները պսակազերծելու եւ պարզելու համար, թե իրականում ինչից արժի զգուշանալ, դիմեցինք մայրաքաղաքի առաջատար կլինիկաներից մեկի բժիշկ -կոսմետոլոգ Տաթեւիկ Սայադյանին:

Երեւանում այսօրվա դրությամբ մի քանի տեսակի սարք կա, որոնց հիմքում ալիքի տարբեր երկարությամբ լազերներն են: Ամենաարդյունավետն է համարվում ալեքսանդրիտով աշխատող լազերը: Այն այդպես է կոչվել ալեքսանդրիտի բյուրեղի օգտագործման պատճառով, որը հարստացված է քրոմով: Ի տարբերություն մյուսների՝ այն այրում է նաեւ մակերեւույթին գտնվող աղվամազերը, այս պատճառով միջամտությունից անմիջապես հետո մաշկը հարթ կլինի: Այս միջամտությունը համապատասխանում է մուգ մազերով եւ բաց գույնի մաշկով մարդկանց: Ալեքսանդրիտը նաեւ օգնում է արագ ազատվել այն մազերից, որոնք հայտնվել են հորմոնալ անհավասարակշռության հետեւանքով: Սակայն ալեքսանդրիտի բացասական կողմն այն է, որ կարող է մուգ կամ թարմ արեւայրուքով մաշկի վրա այրվածքների հետքեր թողնել: Ալեքսանդրիտային լազերով միջամտությունը կիրառում են Երեւանի կլինիկաների եւ սրահների մեծ մասում:

Տարածվածությամբ չի զիջում նաեւ դիոդային համակարգով լազերը: Միջամտության այս եղանակը պակաս ցավոտ է սառեցման համակարգի շնորհիվ, որը նվազեցնում է ծակելու հետեւանքով առաջացած զգացողությունը: Դիոդային լազերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կարող է հեռացնել ե՛ւ մուգ մաշկի վրայի մազերը, ե՛ւ սոլյարիի երկրպագուների մաշկի: Եվ ամենակարեւորը՝ մաշկի վրա այրվածքի հետքեր կամ կարմիր բծեր չեն մնում:

Երեւանի կլինիկաներում նեոդիմային լազերը հաճախակի չի հանդիպում, այս համակարգը նոր-նոր է սկսում տեղ գտնել «գեղեցկության առանձնասենյակներում»: Նեոդիմային լազերը հրաշալի համապատասխանում է թուխ եւ մուգ մաշկով մարդկանց, ինչը մազերի հեռացման համար խոչընդոտ չի հանդիսանում: Քանի որ այն վերջին սերնդի սարք է, հագեցած է սառեցման նորագույն համակարգով, ինչով պայմանավորված՝ ո՛չ ցավի զգացողություն կլինի, ո՛չ կարմրություն:

Երեւանում նաեւ բազմաթիվ կենտրոններ են բացվել, որտեղ էլոս (elos) համակարգն են օգտագործում. տեխնոլոգիա, որը հիմնված է ֆոտո- եւ լազերային էպիլյացիայի համակցության վրա:  Էլեկտրական եւ օպտիկական էներգիայի միաժամանակյա ներգործության հաշվին տեղի է ունենում մազապարկի քայքայում: Մեթոդը գործնականում ազդում է բոլոր տեսակի մազերի վրա, եւ, ի դեպ, այս միջամտությամբ հնարավոր է մազածածկույթը հեռացնել արեւահարված կամ մուգ մաշկից:

Լազերային էպիլյացիայի արդյունքը նկատելի է հենց առաջին միջամտությունից հետո: 10-14 օրվա ընթացքում նկատվում է մազերի «կեղծ աճ». մազերը մաշկից դուրս են ցցվում՝ կարծես թե աճում են:

Մի քանի օր հետո այս մազերն ամբողջովին դուրս կգան մաշկի մակերեւույթ եւ կթափվեն: Բարակ մազերն ավելի արագ են անհետանում, կոշտ եւ մուգ մազերը ավելի փափուկ եւ բաց գույնի են դառնում:

Միջամտությունների անհրաժեշտ քանակությունն անհատապես է որոշվում եւ կախված է մազերի աճի ու կառուցվածքի առանձնահատկություններից, մազի հաստությունից, հաճախորդի տարիքից, նրա հորմոնալ ֆոնից եւ առողջական ընդհանուր վիճակից:

Սայադյանի խոսքով՝ մազերի աճը նկատելիորեն դանդաղում է 4-5 միջամտությունից հետո, մշակված հատվածում մազերը նոսրանում են եւ ավելի բարակում: Լազերային էպիլյացիայի առաջին սեանսներն անցկացվում են ամիսը մեկ անգամ, հետագայում, կախված մազերի աճի դանդաղման աստիճանից,  6-7 շաբաթը մեկ անգամ: Մի՞թե սա յուրաքանչյուր կնոջ երազանքը չէ:

Որպես կանոն, լազերային էպիլյացիան կողմնակի էֆեկտներ չունի, որոնց մասին ընդունված է խոսել: Այս միջամտությունն ինքնին գործնականում ոչ մեկին չի կարող վնաս պատճառել, քանի որ լազերի ներգործության խորությունը ընդամենը 1-4 մմ է, սակայն ամեն ինչ հնարավոր է, եթե ձեզ մոտ հակացուցումներ կան եւ հանդիպել եք ոչ հասու վարպետի:

Կարեւոր է իմանալ, որ այս միջամտության համար որոշակի հակացուցումներ կան՝ մաշկային հիվանդություններ, հերպես, արեւայրուք, հղիություն եւ կրծքով կերակրելու շրջան, օնկոլոգիա, շաքարային դիաբետ, երակների վարիկոզ լայնացում եւ այլն:

Լազերային էպիլյացիայից հետո կտրականապես արգելվում է բաղնիքում, շոգեբաղնիքում շոգեհարվել, արեւահարվել կամ սոլյարի հաճախել: Միջամտությունների միջակայքում չարժի սափրվել կամ մազերից ունելիով, մոմով կամ էպիլյատորով ազատվել: Միջամտությունների միջեւ մազերի հեռացման միակ միջոցը դեէպիլյացիոն քսուքով հեռացումն է:

Տարբեր կլինիկաներում լազերային էպիլյացիայի արժեքը տարբեր կերպ է գնահատվում՝ կա՛մ սրահը գինը որոշում է յուրաքանչյուր գոտու համար, կա՛մ վճարում ես իմպուլսների քանակի դիմաց: Ենթադրենք՝ էպիլյացիայի կենտրոններից մեկում ոտքերի մազահեռացման արժեքը եղել է 100 հազար դրամ, բայց խորհուրդ են տվել 5 հազար դրամով գնել զեղչի քարտ եւ միջամտության համար 50 տոկոսի զեղչ ստանալ: Արդյունքում ստիպված կլինեիք 50 հազար վճարել:

Մեկ այլ կլինիկայում այսպիսի ակցիա էր՝ 49 հազար դրամ ես վճարում լազերային կաբինետում 45 րոպեի համար եւ հեռացնում ես այն ամենը, ինչ հնարավոր է այս ժամանակահատվածում հեռացնել: Եթե դուք տոտալ էպիլյացիայի կարիք չունեք, ապա ձեզ առավել կհամապատասխանի ըստ իմպուլսների վճարումը: Դեմքի եւ պարանոցի շրջանում իմպուլն արժե մոտ 200 դրամ, մարմնի՝ 150, իսկ ձեռքերի եւ ոտքերի՝ 50 դրամ:

Իհարկե, լազերային էպիլյացիան չի կարող միանգամից լուծել անցանկալի մազերի աճի խնդիրը:

Տաթեւիկ Սայադյանը նշեց, որ մազերի ավելորդ աճի վրա մեծ թվով գործոններ են ազդում, ինչպիսին են էնդոկրին խանգարումները, հորմոնալ անհավասարակշռությունը, ուստի ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ դուք խնդրից կազատվեք 3 միջամտությունից հետո: Լազերային, ինչ խոսք՝ նաեւ ցանկացած էպիլյացիայի դիմելուց առաջ ավելի լավ է անալիզներ հանձնել եւ պարզել ավելորդ մազածածկույթի պատճառը:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE