«Միգուցե նորից մասնակցեմ մրցույթին». դերասանուհի Արմինե Մանուկյանը՝ «Միսս Արմենիա»-ի եւ առաջին անգամ պոդիումում լինելու մասին

12:37   30 սեպտեմբերի, 2017

Մինչ «Միսս Արմենիա» մրցույթին մասնակցելը՝ Արմինե Մանուկյանին շատերը ճանաչում էին «Կայարան» հեռուստասերիալից, իսկ ոմանք էլ՝ որպես բալետի պարուհի: NEWS.am STYLE-ի հետ զրույցում «Չորրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսին արժանացած գեղեցկուհին նշեց, որ նախկինում գեղեցկության մրցույթների չէր մասնակցել: Այնուամենայնիվ, ամենաինքնավստահ կեցվածքով մասնակիցը ֆավորիտ էր շատերի համար. նրա ժպիտի եւ բեմական պահվածքի մասին խոսել է նաեւ Գոհար Հարությունյանը:

Ի՞նչ տպավորություններ ունի Արմինեն կայացած մրցույթից: Կարդացեք մեր հարցազրույցում:

Արմինե, Ձեզ շատերը ճանաչում են որպես բալետի պարուհի, ոմանք էլ՝ հեռուստասերիալից: Բայց, կարծես թե, պոդիումում Ձեզ չէին տեսել մինչ «Միսս Արմենիա» մրցույթը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել գեղեցկության մրցույթին:

Ես երբեւէ ցանկություն չեմ ունեցել մասնակցել նմանատիպ մրցույթների, սա իմ առաջին փորձն էր, եւ քանի, որ տեղեկացա, որ երկար տարիների դադարից հետո «Միսս Արմենիա» մրցույթ է կայանալու, որոշեցի հայտ ներկայացնել եւ մասնակցել: Մեկ քասթինգով անցել եմ եզրափակիչ փուլ, ինչն ինձ համար շատ ուրախալի փաստ էր:

Դժվարություններ եղե՞լ են մրցույթի նախապատրաստական շրջանում:

Ինձ համար դժվարություններ չեն եղել, դրանք ընդամենը նախապատրաստական աշխատանքներ էին, ինչն, ըստ իս, բնական երեւույթ է:

Բեմում ամենաժպտերես եւ անկաշկանդ մասնակիցներից էիք, դա նշեց նաեւ Գոհար Հարությունյանը: Ի՞նչ էիք զգում այնտեղ կանգնած: Ներքո՞ւստ էլ էիք նույնքան հանգիստ, որքան արտաքուստ:

Միանշանակ, դա իմ բնական պահվածքն է: Ոչինչ, առհասարակ, երբեւէ արհեստական չեմ անում, երբեք արհեստական չեմ ժպտում եւ չեմ տխրում: Ինքս շատ կենսուրախ մարդ եմ, եւ հենց դա էր պատճառը, որ բեմում ինձ այդքան հանգիստ եւ ինքնավստահ էի զգում:

Ի՞նչ Ձեզ տվեց «Միսս Արմենիա»-ին մասնակցությունը:

Այս մրցույթին մասնակցելն ինձ տվեց նոր ծանոթություններ, դրական լիցքեր եւ մեծ փորձ այս ասպարեզում. սա ինձ համար նոր փորձություն էր:

Մրցույթի արդյունքները մինչ օրս քննարկում են, ոմանք՝ քննադատում: Դուք ի՞նչ կասեք Լիլիի մասին: Համաձա՞յն եք վերջնական արդյունքի հետ:

Վերջնական արդյունքն արդեն պարզ է :) Ժյուրին կատարել է իր որոշումը, եւ ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել մի բան, որն արդեն եղել է: Լիլիին կմաղթեմ միայն հաջողություն եւ հաղթանակ:

Դուք ֆավորիտ էիք շատերի համար, իսկ ինքներդ ունեի՞ք ֆավորիտ մրցույթում:

Մի քանի ֆավորիտներ ունեի. ոմանք անցան լավագույն հնգյակ, ոմանք, ցավոք սրտի, ոչ: Անուններ չեմ նշի:

Հնարավո՞ր է՝ հետագայում ավելի հաճախ լինեք պոդիումում՝ որպես մոդել:

Քանի որ սա իմ առաջին փորձն էր, հետաքրքիր առաջարկների դեպքում կմտածեմ: Միգուցե, որոշեմ մասնակցել:

Ցանկություն կա՞ եւս մեկ անգամ փորձելու ուժերը տվյալ մրցույթում:

Կոնկրետ հիմա չեմ մտածում այդ ուղղությամբ, քանի որ դեռ մրցույթի տպավորությունների տակ եմ: Միգուցե, որոշ ժամանակ անց նորից ցանկություն ունենամ մասնակցելու:

Բալետի պարուհի եւ դերասանուհի լինելը օգնե՞լ է Ձեզ «Միսս Արմենիա» մրցույթի բեմում:

Միանշանակ, օգնել է: Մեկը մյուսին լրացնում է: Չնայած՝ դա նաեւ երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Իմ կեցվածքն ու բնույթն են այդպիսին, ինչն ինձ թույլ է տալիս ավելի վստահ զգալ ցանկացած բեմում: Մինչ այս մրցույթին մասնակցելը, ես երկար տարիներ աշխատել եւ ստեղծագործել եմ բալետի ասպարեզում: Ինձ համար  բեմում ելույթ ունենալն ու ինքնավստահ զգալը հոգեհարազատ երեւույթ է: Այս բեմը կարող է դժվարություն եւ փորձություն լինել անփորձ մասնակիցների համար, որոնք մեծ բեմերում ելույթ չեն ունեցել:

Առաջիկայում նկարահանման նոր առաջարկներ կա՞ն:

Առայժմ միայն սերիալի նկարահանումներին եմ վերադառնալու. նոր նկարահանումների առաջարկներ դեռեւս չկան:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE