Գինի, ֆուտբոլ եւ «Գրեմմի»-ի մրցանակակիր երգչուհի. ուր գնալ այս շաբաթ Երեւանում

11:05   2 հոկտեմբերի, 2017

Եղանակը բավական ցրտել է, բայց երեւանյան երեկոները նախկինի պես հաճելի են, եւ NEWS.am STYLE-ը շարունակում է խորհուրդ տալ՝ ուր գնալ այս շաբաթ: Շաբաթվա առաջին կեսին հանգիստ շրջեք բարերով, փաբերով եւ ռեստորաններով, իսկ, ահա, շաբաթվա երկրորդ կեսը խիստ հագեցած է:

Շաբաթվա ամենագլխավոր իրադարձությունը, անկասկած, աշխարհահռչակ ամերիկացի, մեր մոլորակի ամենագեղեցիկ սոպրանո Ռընե Ֆլեմինգի համերգն է: Քառակի «Գրեմմի» մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Համաշխարհային օպերային աստղն իր յուրօրինակ համերգով շնորհավորում է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյակը: Փառատոնն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Նույն օրը Արենիում կմեկնարկի ամենամյա գինու փառատոնը: Բաց մի թողեք: Արենի գյուղ գնացեք կեսօրից հետո, ձեզ այնտեղ կսպասի աստվածների ըմպելիքը:

Իսկ հոկտեմբերի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում ելույթ կունենա երգչուհի Նարգիզը՝ «Երկուսով» («Вдвоем») ծրագրով: Համերգի սկիզբը՝ 19:00-ին: 2013 թվականին երգչուհին մասնակցել է ամերիկյան X-Factor-ին, երեք փուլ անցել, բայց երբ կազմակերպիչները չեն զանգահարել, մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու «Ձայն» նախագծին: Նարգիզը տպավորել է ժյուրիի բոլոր չորս անդամներին, բայց նախընտրել է աշխատել Լեոնիդ Ագուտինի հետ: Նախագծում նա երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Սերգեյ Վոլչկովին: Սակայն ինքը՝ երգչուհին, ասում է. «Ես չեմ շահել, ես հաղթել եմ»:

Հոկտեմբերի 6-ին Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում համերգ է՝ նվիրված Սուրեն Պիպոյանի 95-ամյակին: Ելույթ կունենան Լիլիթ Պիպոյանը (դաշնամուր, վոկալ) եւ Նելլի Մանուկյանը (ֆլեյտա): Համերգի սկիզբը՝ 20:00-ին:

Հոկտեմբերի 5-ին բոլորս շտապում ենք ֆուտբոլի խաղի՝ սատարելու մեր տղաներին Լեհաստանի հետ հավաքականի հետ հանդիպմանը:



© NEWS.am STYLE