Ի՞նչ դիտել այսօր. «Մումիա». ո՞վ է այս անգամ «թաքնված» դամբարանում (ֆոտո/վիդեո)

18:35   2 հոկտեմբերի, 2017

Եթե հետաքրքրված եք Երգիպտոսով, եւ հատկապես ձեզ հոգհարազատ են փարավոնների ու մումիաների մասին լեգենդար պատմությունները, ապա NEWS.am STYLE-ն այսօրվա երեկոն առաջարկում է անցկացնել ֆանտաստիկ ժանրի ֆիլմ դիտելով: «Մումիա» ֆիլմի նոր պատումը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր դիտել են մումիաների մասին պատմող նախորդ ֆիլմերը եւ պատրաստ են նոր արկածների՝ նոր հերոսների ուղեկցությամբ:

Ռեժիսոր Ալեքս Կուրցմանի ֆիլմի գլխավոր չարագործը Ամոնեթն է՝ փարավոնի դուստրը: Նա հոր միակ ժառանգն է, ինչի համար շատ երջանիկ է, սակայն նրա ծրագրերը խափանվում են, երբ փարավոնի երկրորդ կինը վերջինիս որդի է պարգեւում: Նախանձով եւ չարությամբ լցված Ամոնեթը որոշում է վրեժի գնով իր ձեռքում պահել ամեն ինչ՝ հոր ունեցվածքն ու հսկայական թագավորությունը: Նա իր ծրագրերն իրականացնելու համար որոշում է դիմել մոգության եւ սեւ գործարք է կնքում Սեթ աստծո հետ:

Մոգության արդյունքում Ամոնթը կորցնում է իր մարդկային կերպարանքն ու վերածվում չար հրեշի, սպանում է հորը, նրա կնոջն ու ժառանգորդին, իսկ երբ ցանկանում է վերջացնել իր ծրագրի կարեւորագույն մասը՝ զոհաբերոթյուն մատուցելով Սեթին, նրան ձերբակալում են փարավոնի ծառաներն ու դիմում ամենադաժան պատժամիջոցին: Նրանք ողջ-ողջ թաղում են Ամոնեթին՝ արքայադստերը վերածելով մումիայի եւ թաքցնելով դամբարաններից մեկի խորքում:

Հազարավոր տարիներ անց, սակայն, նույն դամաբարանի մոտ հետախուզություն է անցկացնում ամերիկացի զինվորական Նիկ Մորթոնը: Վերջինը չի կարողանում անտարբեր անցնել խորհրդավոր դամբարանի կողքով եւ պատահմամբ արթնացնում է «քնած գեղեցկուհուն»: Ամոնեթն արթնանալով՝ Նիկին համարում է իր փրկիչն ու ընտրյակը եւ փորձում իշխել նրա մտքի վրա՝ իր ճանապարհին ոչնչացնելով բոլորին:

Կհաջողվի՞, արդյոք, Նիկին ուղղել իր սխալը: Ի՞նչ գնով նա Ամոնեթին կուղարկի այնտեղ, որտեղ նա վաղուց պետք է լիներ...

«Մումիա» ֆիլմը էկրաններ է բարձրացել 2017 թ-ին: Գլխավոր հերոսին՝ Նիկին, մարմնավորում է Թոմ Քրուզը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սոֆիա Բուտելլան (Ամոնեթ), Անաբել Ուոլիսը (Ջեննի Հեսլի), Ռասսել Քրոուն (բժիշկ Ջեյմս) եւ այլք:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE