Որտե՞ղ գինի խմել Երեւանում

13:02   8 հոկտեմբերի, 2017

Վերջին տարիներին Երեւանում գինու մշակույթի հանդեպ հետաքրքրությունը նկատելիորեն աճել է: Երեւանցիները սկսել են այցելել վայրեր, որտեղ գինին ոչ միայն ուտեստների հավելում է, այլեւ գլխավոր օղակը: Հաճախ բոլոր գինիները միանման են թվում: Ձեզ հետ նույնպե՞ս նման բան պատահել է: Մենք նույնպես չէինք հասկանում գինուց, մինչեւ չայցելեցինք Երեւանի բոլոր գինու հաստատությունները՝ այդ գիտությունը հասկանալու առաքելությամբ: Նման հաստատությունները Երեւանում քիչ չեն, գինու տեսակները՝ նույնպես:

In Vino

Այս հաստատությունում ավելի քան 700 տեսակի գինի կա աշխարհի տարբեր անկյուններից՝ Վրաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից եւ այլն: InVino-ում գավաթով գինու մեծ տեսականի կա: Այստեղ նաեւ առաջարկում են պանիրներ Ֆրանսիայից, Իտալիայից եւ Գերմանիայից: Նաեւ մսային խորտիկներ՝ պրոշուտտո, երշիկներ, խոզապուխտ. ընտրանին շուրջ 4.000 դրամ կարժենա:

InVino-ում նաեւ սանտիմետրով բուտերբրոդ են մատուցում. չափը կախված է ձեր քաղցածության աստիճանից: InVino-ում նաեւ գինու համտեսում եւ գինեգործների հետ հանդիպումներ են կազմակերպում: Համտեսմանը մասնակցությունն արժե 1.200-ից 5.000 դրամ:

Միջին հաշիվը՝ 5.000-7.000 դրամ

Tapastan

Սարյան փողոցը մի քանի տարվա ընթացքում Երեւանի ամենաաղմկոտ փողոցներից մեկը դարձավ: с InVino-ի հարեւանությամբ եւս մեկ հաստատություն է ճանաչում ձեռք բերել իր գինու հավաքածուով:

Tapastan-ը գինիների ընդարձակ տեսականի ունի, որին ավելանում են տապասն ու պինչոսը՝ գինու խորտիկներն ու բուտերբրոդները: Այս ռեստորանի ֆիրմային ուտեստը տոլման է, որը մատուցում են սոուսներով եւ պանրով, արժեքը՝ 2.800 դրամ: Սթեյքն այստեղ արժե 4.500 դրամ, գինու համար նախատեսված ֆիրմային հավաքածուն՝ 3.700 դրամ: Տեղական արտադրության գինու մեկ գավաթն այստեղ արժե 800 դրամ, արտասահմանյանը՝ 1.000 դրամ: Կարելի է նաեւ հայկական գինու շիշ պատվիրել՝ 5.000 դրամով, իսկ ահա իտալական կամ արգենտինական գինին այստեղ արժե 7.000 դրամ:

Միջին հաշիվը՝ 5.000-7.000 դրամ

Santa Familia

Santa Familia-ն բացարձակ նոր տիպի խանութ է, իր տեսակի մեջ եզակի Երեւանում: Այն պարզապես խանութ անվանելն այնքան էլ ճիշտ չէ: Այն բաժանված է չորս մասի: Առաջինը գինու բաժինն է: Դարակներում տարատեսակ գինիներ են ներկայացված Արգենտինայից, Չիլիից, Իտալիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից, հայկական գինիների տպավորիչ հավաքածու կա:

Երկրորդը մսեղենի բաժինն է, երրորդը՝ ռեստորանը, որտեղ կարելի է ինչ-որ համեղ բան համտեսել: Եվ, վերջապես, վերջին բաժինը գինու վերնիսաժն է, որտեղ կարելի է մեկ գավաթ գինի համտեսել բուտերբրոդով կամ պանրով: Ե՛վ հայկական, ե՛ւ արտասահմանյան գինու մեկ գավաթն այստեղ արժե 1.500 դրամ:

Միջին հաշիվը՝ 4.000-5.000 դրամ

WineRepublic

Եվս մեկ հաստատություն գինու սիրահարների համար՝ Wine Republic: Այստեղ ներկայացված են գինիներ ինչպես Հին, այնպես Նոր Աշխարհից. Իտալիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Չիլի, Ավստրալիա: Հաստատության հայեցակարգը հետեւյալն է. որակյալ գինիների մեծ տեսականի՝ մատչելի գնով, որին ավելանում են նաեւ եվրոպական խոհանոցի ուտեստները:

Պանրի տեսականին՝ ավանդական պեկորինոյով եւ կամամբերով, ինչպես նաեւ հայկական «եղեգնաձորյան» պանրով, արժե 5.900 դրամ: Այստեղ նաեւ շատ համեղ ֆոնդան են մատուցում՝ շոկոլադե միջուկով, որն արժե 1.900 դրամ, որի հետ կարելի է պատվիրել հայկական վարդագույն գինի:

Միջին հաշիվը՝ 6.000-8.000 դրամ

Enoteca EVN

Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող այս փոքր հաստատությունում աշխարհի տարբեր անկյուններից ավելի քան 500 տեսակի գինի լա: Երկու հարկի բարձրությամբ պատի վրա տեղ են գտել գինիներ Գերմանիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից եւ նույնիսկ Լիբանանից: Enoteca-ի աշխատակիցների խոսքով՝ ռեստորանի մի քանի տարվա աշխատանքի ընթացքում 14.768 շիշ գինի են բացել: Սրահում փոքրիկ սառնարան կա՝ լի տարատեսակ պանիրներով եւ մսամթերքով: Խոհանոցը հիմնականում մայրցամաքային է, խնձորով եւ դարչինով հետաքրքիր աղանդեր են մատուցում, որը համադրվում է սպիտակ գինու հետ:

Սեփական արտադրության գինին Enoteca-ում արժե 800 դրամ, պանրա-մսային տեսականին՝ չորացրած լոլիկով, որը նախատեսված է երեք անձի համար, արժե 4.500 դրամ: Այստեղ պարբերաբար վարպետության դասեր են կազմակերպվում, հանդիպումներ հայկական գինի արտադրողների հետ, նաեւ համտեսում, հյուրասիրություն եւ ջազ երեկոներ:

Միջին հաշիվը՝ 3.000-5.000 դրամ

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE