Հարսանեկան սեղանի դիզայն եւ ձեւավորում

20:37   19 ապրիլի, 2013

Արարողության ամբողջ ընթացքում բոլոր հյուրերի հայացքներն ուղղված են հարսանեկան սեղանին: Այդ պատճառով, հարսանեկան սեղանի յուրահատուկ ձեւավորումից է կախված հրավիրյալների եւ, իհարկե, հենց նորապսակների ուրախ տրամադրությունը: Հարսանեկան սեղանների յուրահատկությունների մասին կպատմի միջոցառումների կազմակերպման Event Service կազմակերպության տնօրեն Սոֆյա Սարգսյանը:

«Հարսանեկան սեղանը, որի շուրջ պետք է նստեն երիտասարդներն ու նրանց հյուրերը, ոչ մի կերպ չի կարելի մանրուք անվանել: Հենց այդ պատճառով ե՛ւ փեսացուն, ե՛ւ հարսնացուն ցանկանում են հարսանեկան խնջույքն անցկացնել բացառիկ ձեւավորմամբ հարսանեկան սեղանի շուրջ: Կարելի է փորձել նաեւ ինքնուրույն ձեւավորել հարսանեկան սեղանը, սակայն, որպես կանոն, առանց հատուկ գիտելիքների եւ որոշակի փորձի դա որակով եւ ներդաշնակ անել դժվար թե ստացվի:

Պրոֆեսիոնալ ձեւավորման համար ամենից առաջ անհրաժեշտ է որոշել հարսանեկան արարողության գունային ձեւավորման ընդհանուր ոճը: Անկասկած, հարսանեկան սիրելի գույներն են արծաթագույնը, վարդագույնը, ոսկեգույնն ու ճերմակը: Սակայն նորաձեւության վերջին միտումները նախատեսում են նաեւ մանուշակագույնի, գունատ փիրուզի, կանաչի, նարնջագույնի եւ կարմիրի  օգտագործումը: Այս գույներն օգտագործվում են ե՛ւ հարսանեկան զգեստների, ե՛ւ հրավիրատոմսերի, ե՛ւ ընդհանուր դահլիճի ու, մասնավորապես, հարսանեկան սեղանների ձեւավորման համար: Հիասքանչ է դիտվում լողացող փոքրիկ մոմերի տեսքով արված հարսանեկան սեղանների զարդարանքը՝ տեղադրված սեղանի կենտրոնում, ծաղիկների կոմպոզիցիայի համադրությամբ: Երկար ուղղանկյուն սեղաններին սովորաբար դրվում են մի քանի ծաղկային կոմպոզիցիաներ, իսկ օվալ կամ կլոր սեղաններին՝ միայն մեկը, կենտրոնում: Ընդ որում, կարող եք սեղանը զարդարել ոչ թե փնջերով ծաղկամաններով, այլ ծաղիկների զամբյուղներով կամ ծաղիկների կոկոններով ու թերթիկներով լի ափսեներով:

Մրգերի զամբյուղների յուրօրինակ ձեւավորումը նույնպես կարող է հարսանեկան սեղանի գլխավոր զարդը դառնալ եւ շահավետ է ճաշացանկով նախատեսված սովորական մրգամանը դրանով փոխարինելը:

Ծաղիկների փոխարեն որպես հարսանեկան սեղանի զարդարանք կարող եք օգտագործել փեսացուի եւ հարսնացուի լուսանկարները: Թող դրանք հյուրերին պատմեն նորապսակների կյանքի պատմությունը նորածին տարիքից (նորապսակներից հեռու գտնվող սեղանին դրված լուսանկար) մինչեւ հարսանիք (նորապսակներին մոտ սեղանի լուսանկար):

Իսկ հիմա պատկերացրեք, որքան անսովոր եւ յուրօրինակ կդիտվեն հարսանեկան սեղանները, եթե դրանք համարակալված չեն, ինչպես սովորաբար ընդունված է, այլ կոչված են որեւէ հատուկ անունով: Օրինակ՝ կարող եք հարսանեկան սեղանները կոչել նորապսակների համար հետաքրքիր վայրերի պատվին, որտեղ նրանք հանդիպել են եւ իրենց համատեղ երջանկության առաջին քայլերն արել: Հարսանեկան սեղանների ձեւավորման նման մոտեցումը ստեղծագործության մեջ ռոմանտիկայի հավելյալ երանգի երաշխիք կդառնա»:



© NEWS.am STYLE