«Նա հայ կնոջ ուրիշ մի տիպ է, որին չես խղճում». Նարինե Գրիգորյանը՝ «Եվա» ֆիլմում իր կերպարի եւ «Օսկարի» մասին

12:22   3 հոկտեմբերի, 2017

Հայկական ազգային կինոակադեմիան «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման։ Ֆիլմը հանդիսանում է Հայաստանի եւ Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ՝ Նարինե Գրիգորյանի գլխավոր դերակատարմամբ։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին խոսեց իր կերպարի, իրանցիների հետ աշխատելու առանձնահատկության, ինչպես նաեւ՝ «Օսկար»-ում ֆիլմի հնարավորությունների մասին։

«Դա մի ուժեղ կնոջ պատմություն է, որը ժամանակին սխալ քայլ է անում, որը հետագայում իր հետեւից բերում է սխալների շարան։ Եվան փորձում է փախչել իր քայլի հետեւանքներից՝ հաստատվելով արցախյան սահմանամերձ մի գյուղում»,- ասաց Նարինե Գրիգորյանը՝ հավելելով, որ ֆիլմում փորձ է արվում ցույց տալ նաեւ պատերազմի թողած հետքը.

«Ըստ էության՝ հետպատերազմական կյանքն է ցույց տրվում Եվայի տեսադաշտով։ Ֆիլմում բազմաթիվ զուգահեռ պատմություններ կան»։

Նարինե Գրիգորյանի խոսքով՝ ռեժիսորի՝ Անահիտ Աբադի հետ աշխատելը հաճույք է եղել.

«Նա, ասես, հիպնոզացներ մեզ նկարահանման հրապարակում։ Բավական էր՝ երկու րոպե հետս խոսեր, անմիջապես արցունքախառն սկսում էի խաղալ։ Իհարկե, նա ստիպված էր լինում ինձ միշտ հիշեցնել, թե ով է Եվան, որպեսզի պահեմ նրա սառը դիմագծերը, կոպիտ քայլվածքը։ Ռեժիսորն իրականում ուզում էր հայ կնոջ ուրիշ մի տիպ ստեղծել, որին չես խղճում, որը շատ ուժեղ է եւ զուսպ»,- ասաց դերասանուհին, որը տպավորված է նաեւ ֆիլմի՝ իրանցի տեխանձնակազմով։

«Այնքան շատ նմանություն եւ, միեւնույն ժամանակ, այնքան շատ տարբերություն կա մեր մշակույթների միջեւ։ Նրանք շատ պրոֆեսիոնալ էին, նաեւ նկատեցի իրենց սերն Արցախի նկատմամբ»։

Անդրադառնալով «Օսկար»-ին, դերասանուհին նշեց, որ հաճելի է, որ հենց այդ ֆիլմ է ընտրվել Հայաստանի կողմից ներկայացվելու համար, սակայն խորհուրդ տվեց շատ «չոգեւորվել».

«Ավելի լավ է ՝ մեծ հույսեր չտածենք, ու ինչ-որ բան լինի, քան թե մտածենք՝ հեսա գնալու ենք, զարմացնենք։ Ամեն դեպքում, այն որակով ֆիլմ է եւ շատ հետաքրքիր է նկարահանված։

Կինոնկարում նկարահանվել են նաեւ Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ ուրիշներ։

Ֆիլմի երաժշտության հեղինակը Վահան Արծրունին է։

Զրուցեց Շուշան Շատիկյանը

Լուսանկարները եւ տեսանյութը՝ PersonaJe Films-ի



© NEWS.am STYLE