Տրենչ. հավերժական թրենդ

15:01   18 հոկտեմբերի, 2017

Տրենչի արդիականությունը չի ենթարկվում ո՛չ ժամանակի, ո՛չ նորաձեւ ուղղությունների իշխանությանը: Տրենչը մշտապես թրենդում է: Դրա շնորհիվ հնարավոր է բազմաթիվ հետաքրքիր կերպարներ ստեղծել՝ պահպանողական գործարար ոճից մինչեւ սուպերմոդելի երիտասարդական փողոցային շուք:

Տրենչն առանձնանում է ավանդական ձեւվածքով, որը զինվորական բուշլատ է հիշեցնում: Սա երկքղանցքանի, 10 կոճակով, գոտկատեղին գոտիով եւ թեւքածալերին կապոցափոկերով հագուստ է: Դասական տրենչի երկարությունն ավարտվում է ծնկերի հատվածում:

Տրենչի ամենատարածված եւ պրակտիկ գույնը շարունակում է բեժը մնալ: Այն հեշտ է համակցել հագուստի տարբեր տարրերի հետ: Հոյակապ է նայվում «տրենչ +մատիտ կիսաշրջազգեստ» համադրությունը կամ «տրենչ+ջինս» դուետը: Հագուստի այս տեսակներն ուղղակի միմյանց համար են ստեղծված:

Բեժ տրենչը գերազանց տեսք է ունենում կարմիր բոտֆորտի կամ կոճերը փակող կոշիկների հետ, սպիտակ մարզակոշիկի կամ սեւ վինիլային երկարաճիտի հետ:

Քանի որ այս աշունը «նախապատվությունը» տալիս է վառ  գույներին, ապա կարելի է նաեւ ավելի կենսուրախ երանգներով կամ կենդանական պրինտներով տրենչներ ձեռք բերել: Իհարկե, նման տրենչն արդեն ունիվերսալ հագուստ չի լինի եւ որեւէ բանի հետ համակցելն ավելի դժվար կլինի, քան դասականի դեպքում:

Սակայն այս դեպքում կապահովվի ձեր ցնցող տեսքը: Աչքի զարնող տրենչի հետ պետք է հմտորեն ընտրել կոշիկը, որը ոճային կերպարը կընդգծի:

Գլխավորը չափավորությունը պահպանելն է. եթե ընտրության հարցում անվստահ եք, ապա ավելի լավ է սահմանափակվել ծնկից վեր սեւ երկարաճիտով կամ մուգ գույնի մակույկ կոշիկով:

Իսկ եթե մուգ երանգների կողմնակից եք, ապա սեւ տրենչը մշտապես ձեզ օգնության կհասնի: Սեւ տրենչը հատկապես ոճային կնայվի թրենդային բոլոր գույների՝ ալ, բորդո, մուգ կանաչ, արծաթագույն եւ ոսկեգույն բարձր երկարաճիտների հետ:

Հագեք հագեցած մանուշակագույն կամ դեղին բարձրօձիք սվիտերներ, որոնք հաստատ առաջիկա ձմռան հիթը կդառնան: Քամահրանքով չվերաբերվեք ձեռնոցներին, որոնք ամբողջ կերպարը «կհղկեն»: Գույնի ընտրության հարցում լիովին կարող եք վստահել ձեր ճաշակին, քանի որ այս հարցում դուք հաստատապես չեք սխալվի: Իսկ ահա, աշուն 2017-ի սեւ տրենչի շահավետ նյութը կլինի վինիլը կամ կաշին:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE