2018-ի հունվարին հերթական ռուսական ռեփ մենամարտում կհանդիպեն Գուֆն ու Պտախան

16:53   5 հոկտեմբերի, 2017

Մինչ Youtube-ում ռուս ռեփերներ Oxxxymiron-ի ու Слава КПСС (Гнойный)-ի ռեփ բաթլը անհավանական քանակության դիտումներ է հավաքել ՝ավելի քան 24 մլն դիտում, այդ «մենամարտերի» կազմակերպիչներից մեկը՝ Ալեքսանդր Տիմարցեւը իր Twitter-ում գրել է Գուֆի ու Պտախայի գալիք բաթլի մասին։

«Հավաստի նորություններ բոլոր նրանց համար, ովքեր հետեւում են իմ Twitter-ին։ Մենք հաստատում ենք, որ Գուֆի ու Պտախայի բաթլը կկայանա»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պտախան Գուֆին մենամարտի էր հրավիրել։ Գուֆը համաձայնել էր, բայց այն պայմանով, որ երկու միլիոն ռուբլի կստանա։

Հետագայում պարզվել է, որ կազմակերպիչները համաձայնել են Գուֆին վճարել այդ գումարը, նաեւ մեկ միլիոն՝ Պտախային։

Versus Battle-ը ռեփերների մենամարտեր են, որոնք Սանկտ Պետերբուրգում են անցկացվում։ Շոուի պայմաններով, ռեփերները պետք է վիրավորեն միմյանց, առանց երաժշտության ռեփ կարդալով։ Հաղթողին ընտրում են դատավորները։



© NEWS.am STYLE