Երեւանյան սոլյարիները՝ սեփական փորձով

15:32   20 հոկտեմբերի, 2017

Կանանց համար մաշկի ճերմակությունը մշտապես գեղեցկության եւ ազնվազարմության նշան է եղել: Սակայն հաշվի առնելով, որ նորաձեւությունը փոփոխվում է, եւ արեւայրուքը դարձել է ճոխության ու հարստության խորհրդանիշ, Երեւանում բացվել են, թեկուզ եւ սակավաթիվ, բայց մի քանի արեւահարության ստուդիաներ, որտեղ կարելի է D վիտամինի չափաքանակ եւ գրավիչ շոկոլադե մաշկ ստանալ: Մենք հաճախեցինք մի քանի «արեւային» սրահներ՝ պարզելու սպասարկման մակարդակը, գները եւ տեղական սոլյարիների վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը:

Իրականում Երեւանում սոլյարիներն այնքան էլ շատ չեն, հավանաբար մի երկրում, որտեղ կես տարի լավ եղանակ է լինում, արեւայրուքի արհեստական մեթոդների կարիք չկա: Մենք եղանք ամենահանրահայտ սրահներում, որոնց մասին մեզ հաջողվեց տեղեկանալ: Բոլոր ստուդիաները գտնվում են քաղաքի կենտրոնում, որը հարմար է աշխատող մարդկանց: Կարելի է արեւահարվել ընդմիջմանը կամ հասցնել այնտեղ լինել աշխատանքից հետո: Անմիջապես նշեմ, որ Երեւանում հորիզոնական սոլյարին առանձնապես տարածված չէ, ես այդպիսի սոլյարիի հանդիպեցի միայն մեկ սրահում: Ինչպես նշեց ստուդիաներից մեկի ադմինիստրատորը, հորիզոնական սարքում «հարթ» արեւայրուք է առաջանում, չեն արեւահարվում մարմնի կողերը, եւ հաճախորդներից շատերը բողոքում էին, որ իրենց տակ գտնվող պլաստիկը սկսում է ճրթճրթալ, ինչը նրանցից ոմանց վախեցնում էր:

Sun Lux

Առաջին սոլյարին, որտեղ այցելեցինք, գտնվում է փոքրիկ նկուղային տարածքում: Չնայած աննշան չափերին, այնտեղ տեղավորվել էր սոլյարիի 3 խցիկ, փոքրիկ բազկաթոռ, ադմինիստրատորի սեղանիկը եւ նույնիսկ մինիբար, որտեղ հաճախորդների համար ֆրեշ էին պատրաստում: Անկեղծ ասած՝ ինձ վանեց հաստատության տհաճությունը, հանդերձարանի, փոքրիկ գորգի բացակայությունը եւ կեղտոտ հյութաքամիչը, եւ հասկանալի չէր, թե այն որտեղ եւ ինչպես են լվանում: Ես հաստատապես այստեղ ոչ մի բան չէի խմի եւ ուտի, եւ ձեզ էլ խորհուրդ չէի տա:

Այս ստուդիայում արեւահարվելու 1 րոպեն սովորական սոլյարիի դեպքում 200 դրամ արժե, Տուրբոյի դեպքում՝ 250 դրամ: Վերջինն ավելի հզոր եւ անվտանգ է համարվում, որը թույլ է տալիս նվազեցնել վառվելու հավանականությունը: Մնացած ատրիբուտները տրամադրվում են առանձին վճարի դիմաց՝ մազերի համար գլխարկը արժե 200 դրամ, հողաթափի փոխարեն առաջարկեցին անձեռոցիկ, որի վրա կարելի է կանգնել եւ սթիքերներ կրծքերի ու խալերի համար՝ 250 դրամ:

Ակնոցն անվճար են տրամադրում: Հարցին՝ որքա՞ն հաճախ են սարքերի լամպերը փոխում եւ երբ են վերջին անգամ փոխել, գրանցող աղջիկը չկարողացավ պատասխանել եւ միայն հստակեցրեց, որ լամպերն այնքան արագ են այրվում, որ մշտապես փոխելու կարիք է առաջանում: Աշխատակցի անտեղյակությունն ավելի վանեց, քան կեղտոտ հատակի փաստը: Ի դեպ, իմ ներկայությամբ խցիկում հաճախորդներից հետո մաքրություն չիրականացվեց, ինչը ստերիլության պահպանման խախտում է:

Avanta

Երկրորդ սոլյարին գտնվում էր վիթխարի բժշկական կլինիկայում, ինչը այս կամ այն չափով տրամադրում էր աշխատակիցներին եւ նրանց պրոֆեսիոնալիզմին վստահելուն: Avanta-ում առկա է հորիզոնական սարք, նույնիսկ 2 սարք: Դրանք բոլորովին վերջերս են բերել: Այս սոլյարիի առավելությունն այն է, որ կարելի է դեմքի վրա եղած լամպը հանգցնել: Մեկ ուղղաձիգ եւ 2 հորիզոնական խցիկներն առանձին սենյակում են տեղադրված, որտեղ զուգարան կա, աթոռներ, կախիչ, սրբիչ եւ անձեռոցիկներ, փոքրիկ գորգ, աչքերի պաշտպանիչ ակնոց եւ օդորակիչ: Մինչեւ ինձ սոլյարի մտնել թողնելը, իմ ներկայությամբ այն մաքրեցին եւ նախապատրաստեցին: 

Ինձ անմիջապես զգուշացրին, որ չի կարելի դիմահարդարմամբ արեւահարվել, միջամտությունից առաջ չօգտվել օծանելիքից ու տարբեր կրեմներից եւ խորհուրդ տվեցին արհեստական «արեւային լոգանքների» դիմել  տարեկան 10 հաճախումից ոչ ավելի: Անձնակազմի ուշադրությունը եւ հոգատարությունը ինչ-որ չափով օգնում է մտածել հակացուցումների եւ միջամտության «օգտագործման» խորհուրդների մասին, առավել եւս՝ եթե այս գործում սկսնակ ես: Կլինիկայում արեւայրուքի մեկ րոպեի գինը նույնպես 200 դրամ է, գլխարկը եւ հողաթափերը՝ 150 դրամ, իսկ սթիքերները՝ 200 դրամ: Քանի որ կենտրոնը տառացիորեն օրերս է բացվել, աշխատակիցն ինձ հավաստիացրեց, որ սարքերը բացարձակապես նոր են, լամպերը՝ նույնպես:

ID

Հաջորդ սոլյարին գտնվում է սովորական գեղեցկության սրահում: Ճերմակ խցիկը աչքի է զարնում ոճաբանի սենյակում, որտեղ չկա նույնիսկ տեղ, որտեղ կկարողանայիր պայուսակդ կախել:

Վարագույրի դեր են կատարում աթոռակները, որոնց վրա էիր ստիպված դնել հագուստդ: Ինձ առաջարկեցին խցիկ մտնել իմ կոշիկներով. սա հաճախ է կիրառվում որոշ հաճախորդների ցանկությամբ: Իհարկե, խցիկը լվացել էին, բայց, իմ կարծիքով, կանոնները պետք է բոլորի համար միատեսակ լինեն: Այստեղ տուրբոսոլյարիի մեկ րոպեն 400 դրամ արժե: Սակայն արժեքի մեջ է մտնում մազերի համար նախատեսված սրբիչը, որը, աշխատակիցների խոսքով, ավելի լավ է պաշտպանում, քան գլխարկը, հողաթափերը, սթիքերները եւ ակնոցը: Սարքը սրահում է մնում մեկ տարի, իսկ լամպը փոխում են 2 ամիսը մեկ: Լամպը շահագործվում է գրեթե 400 րոպե: Ի դեպ, բոլոր փորձառուները պնդում են, որ այս սրահի սոլյարիից հետո արեւայրուքն ավելի երկար է պահպանվում:

Մեր այցելած բոլոր սոլյարիներում ծառայությունը միանման է, գներն էլ գրեթե չեն տարբերվում: Ոչ մի ստուդիայում մարմնի համար կաթ չառաջարկեցին  եւ չհետաքրքրվեցին իմ առողջական վիճակով, խալերի առկայությամբ եւ խորհուրդ չտվեցին՝ արեւահարվելուց հետո մաշկն ինչպես խնամել: Այս պատճառով մինչ կորոշեք փոխել ձեր մաշկի գույնը, ուսումնասիրեք բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը, քանի որ խոսքը ձեր առողջության մասին է:

Խորհուրդներ՝ սկսնակների համար

Եթե առաջին անգամ եք սոլյարի հաճախում, անպայման անձնակազմին զգուշացրեք, որ սկսնակ եք: Շատ րոպերներ մի վերցրեք, առաջին անգամի համար բավական է 3-5 րոպեն.

Սոլյարի հաճախելը հակացուցված է հիպերտոնիայով, մաստոպատիայով, դիաբետով տառապելու, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարման դեպքում: Սոլյարի հաճախել խորհուրդ չի տրվում նրանց, որոնք մարմնի վրա մեծ թվով բնածին բծեր, պեպեններ, պիգմենտային բծեր ունեն:

Մասնագետները խորհուրդ չեն տալիս սոլյարի հաճախել հորմոնալ դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, հակադեպրեսանտներ, հակաասթմատիկ միջոցներ, անոթները լայնացնող դեղամիջոցներ եւ հոգեմետ դեղեր  ընդունելիս:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE