«Չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու այս նոր երկիրը». Հայաստանում է օպերային աստղ Ռենե Ֆլեմինգը

20:20   5 հոկտեմբերի, 2017

«Չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու Հայաստանը, օպերայի շենքը»,- քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին անգամ մեր երկիր այցելած օպերային աստղ, քառակի գրեմմիակիր Ռենե Ֆլեմինգը։

Աշխարհահռչակ երգչուհու մենահամերգը Երեւանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 19:00 Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Վերջինը դիմավորում էր երգչուհուն եւ իր խոսքում նշեց, որ երկար տարիներ՝ փորձել են Ֆլեմինգին հրավիրել Հայաստան, եւ վերջապես նա այստեղ է։

Երգչուհին նշեց, որ փորձել է համերգային ծրագրում ներառել իր բոլոր սիրված երգերը։

«Հանդիսատեսը կլսի Վերդիի «Օթելլոն», ինձ համար այցեքարտ դարձած շատ կատարումներ, նաեւ ռուսական ստեղծագործություններ։ Կլինեն նաեւ անակնկալներ, որոնք դեռ չենք ուզում բացահայտել»։

Համաշխարհային օպերային աստղն իր յուրօրինակ համերգով շնորհավորում է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյակը: 

Փառատոնն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Երգչուհին հայտնի է «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում իր ելույթով: Նա 2002 թ-ին մասնակցել է նաեւ «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման աշխատանքներին:

Ռենե Ֆլեմինգի կատարումները հնչում են ինչպես «Մատանիների տիրակալը», այնպես էլ «Հոբիթ» ֆիլմում:



© NEWS.am STYLE