«Ապշած եմ Արարատ լեռան գեղեցկությամբ». «Գրեմմիի» մրցանակակիր Ռենե Ֆլեմինգը` երեւանյան համերգի մասին

14:27   6 հոկտեմբերի, 2017

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Շատ հայ ընկերներ ունեմ, որոնք այնքան կապված են իրենց ժառանգույթյան հետ: Հայաստան ինձ բերեց հայ մշակույթի հանդեպ սերն ու մտերմությունը Կոնստանտին Օրբելյանի հետ»,-այսօր` հոկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Գրեմմիի» քառակի մրցանակակիր, հայտնի օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը, որը երեկ է ժամանել Հայաստան:

Համաշխարհային օպերային աստղը հոկտեմերի 7-ին Երեւանյան Հեռանկարներ միջազգային փառատոնի շրջանակներում կայանալիք իր համերգով շնորհավորելու է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյակը:

«Ֆլեմինգը համաշխարհային աստղ է, եւ մեզ համար մեծ երջանկություն է, որ նա այստեղ է: Առաջին անգամ միասին ելույթ ենք ունեցել 2006 թ-ին: Նա մեծ ներդրում ունի համաշխարհային օպերայի զարգացման մեջ, եւ ես շատ ուրախ եմ, որ մեր թատրոնն իր 85-ամյակը տոնում է այսպիսի համերգով»,-նշեց դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

Ի դեպ, Ֆլեմինգն արդեն փորձ անցկացրել է նվագախմբի հետ, ինչպես նաեւ հասցրել է վայելել «Անուշ» օպերան: Իր խոսքով`տպավորված է հայ երժիշտների տաղանդով եւ Հայաստանի լեռներով.

«Ապշած եմ Արարատ լեռան գեղեցկությամբ: Այսօր հուսով եմ` որպես զբոսաշրջիկ ավելի շատ բան կտեսնեմ»,-նշեց երգչուհին, որի ծրագրերի մեջ է մտնում է նաեւ Ծիծեռնակաբերդ այցելությունը:

Ինչ վերաբերում է համերգային ծրագրին` երգչուհին մտադիր է Երեւանում ներկայացնել իր համար այցեքարտ դարձած բոլոր հայտնի ստեղծագործությունները, որոնցից հատկապես առանձնացրեց «Ջրահարսը»:

Կոնստանտին Օրբելյանն էլ հավելեց. «Այսպիսի համերգ Երեւանում դեռ չի եղել»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE