«Ես նրան շատ եմ սիրում, նույնիսկ ավելի, քան պետք է». Վարդան Սարգսյանը՝ Տապասիայի դերակատարի մասին

12:35   7 հոկտեմբերի, 2017

Երկար դադարից հետո Վարդան Սարգսյանը հանդիսատեսին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է Էդգար Ալեքսանյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած «Աղջիկները շատ տարբեր են» երգի հիման վրա: Տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Հնդկաստանում՝ Էդգար Ալեքսանյանի եւ Արտակ Մաթենցյանի կողմից: Տեսահոլովակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ բոլիվուդյան «Մերժվածը» հայտնի սերիալում Տապասիային մարմնավորող Ռաշմի Դեսաին: Ի դեպ, դերասանուհին Հնդկաստանի ամենաբարձր վարձատրվող դեմքերից է, սակայն Վարդանի խոսքով՝ իր տեսահոլովակում բոլորովին անվճար է նկարահանվել.

«Երեւի նրան շատ դուր է եկել իմ մարդ տեսակը: Մենք լավ ընկերներ ենք: Ես նրան շատ եմ սիրում, երեւի նույնիսկ ավելի, քան պետք է… Եվ արդյունքը սա է: Ինչպես տեսահոլովակում է նշվում՝ շարունակելի, հուսամ՝ այս ամենը կունենա շարունակություն»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր նոր աշխատանքին, նշեց Վարդանը:

Տեսահոլովակում երգիչն իր կեսին փնտրում է Հնդկաստանում, մենք էլ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ իսկապես սիրահարվի հնդկուհու.

«Ամեն բան հնարավոր է: Բայց հիմա Հնդկաստանում ավելի շատ լինում եմ, քանի որ խմբակային ճանապարհորդություններ եմ կազմակերպում: Մարդիկ ցանկանում են ինձ հետ ճանապարհորդել, դրա համար տարվա մեջ մի քանի անգամ նման այցեր եմ կազմակերպում: Ովքեր ցանկանում են, միանում են ինձ»:

Ի դեպ, վերջին շրջանում շշուկներ են պտտվում, որ երգիչն, իսկապես, շատ է համակրում է «Մերժվածը» հեռուստասերիալի աստղին, ինչը, կարծես, ինքն էլ չի փորձում թաքցնել.

«Մենք լավ ընկերներ ենք, ինչպես նշեցի՝ շատ կցանկանայի, որ ամեն բան ավելին լիներ… Ամեն ինչ ճակատագրից է կախված: Ես նրան շատ եմ սիրում, անկեղծ՝ շատ…»,-նշեց Վարդանը՝ հավելելով, որ տեսահոլովակն անպայման ունենալու է շարունակություն.

«Ամենամեծ անակնկալը շարունակության մեջ կլինի»,-եզրափակեց նա:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE